Վարչական դատարանը եռօրյա ժամկետում կհրապարակի հոկտեմբերի 31-ին Հելոուինի տոնի կապակցությամբ նախագահին դդում տանելուց հետո Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով դատական գործի վերաբերյալ իր որոշումը։ Այսօր՝ փետրվարի 4-ին, դատավորը հրապարակեց հայցից հրաժարվելու ոստիկանության դիմումը և հեռացավ՝ վերջնական դատական ակտ կայացնելու։
Նիստին հայցվոր կողմը չէր եկել, փոխարենը մի քանի օր առաջ հայցից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դատարան: Դրա վերաբերյալ Արգիշտի Կիվիրյանն ու իր փաստաբան Արամազդ Կիվիրյանը դատավորին ներկայացրին իրենց դիրքորոշումը՝ նշելով, որ գործը ենթակա է կարճման:
«Չէի ասի, որ ինձ համար ոստիկանության նման որոշումը սպասելի էր, սակայն ցանկանում եմ նշել, որ ոստիկանությունը այսքան ժամանակ իմ դեմ հարուցված բոլոր վարչական գործերով դատարանում հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ որոշակիորեն տրամաբանական է, թե ինչու կոնկրետ սրանից հրաժարվեցին: Ակնհայտ է, որ այս գործով իրենք ոչ միայն վերածվելու էին ծաղրուծանակի, այլև բացահայտվելու էր իրենց ապօրինությունների ողջ շղթան»,- նիստի ավարտին լրագրողներին ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ իրենք հակընդդեմ հայց կներկայացնեն ոստիկանության դեմ՝ նրանց ապօրինի գործողությունները բացահայտելու պահանջով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Հելոուինի տոնի կապակցությամբ Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Լուսինե Հովսեփյանը եւ Նանե Մինասյանը դդում էին տարել Բաղրամյան 26՝ նվիրելու Սերժ Սարգսյանին: Բաղրամյան պողոտայով իջնելիս ոստիկանները, բռնի ուժ գործադրելով, բերման էին ենթարկել նրանց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ոստիկանությունը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայց էր ներկայացրել՝ ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի, բայց նիստից մի քանի օր առաջ դիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հրաժարվելով հայցից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











