Արտագաղթի տեմպը զգալիորեն նվազում է, եւ դեռ կնվազի, վստահեցնում եմ ձեզ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
«Այսօր այս ամբիոնից հնչեցին հերթական պնդումները, որ իշխանությունը ժողովրդին մղում է դեպի արտագաղթ:
Խոսեմ փաստերով, ներկայացնեմ թվեր՝ 2013 թվականին միգրացիոն հոսքերի համադրման արդյունքում բացասական սալտոն կազմել է 31 188 մարդ, մինչդեռ 2012 թ.-ին, ընդամենը մեկ տարի առաջ, այն եղել է 42 811:
Իհարկե, հայրենիքից հեռացող գեթ մեկ քաղաքացին էլ կորուստ է մեզ համար, եւ այս 31 հազար ցուցանիշը մտահոգում է բոլորիս»,-ասել է նա:
Կարապետյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում ավելին, քան 11 600 հոգով նվազած ցուցանիշը դրական արդյունք է, եւ շարունակաբար հնչող հայտարարությունները, որ Հայաստանը հայաթափ է լինում, դատարկվում է եւ այլն, մեղմ ասած, բարոյական չեն:
«Հասկացեք, սիրելիներս, դրանով դուք իշխանություններին չեք վնասում, երկրին եք վնասում: Ի վերջո, իրերը պետք է կոչել իրենց անուններով, մեկ տարվա ընթացքում ցուցանիշի փոփոխությունը 42 հազարից դեպի 31 հազար հաստատում է արտագաղթի տեմպը նվազումը:
Մեր բոլորի խնդիրն է հույս արթնացնել մեր քաղաքացիների մոտ, այնպես աշխատել, որ նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ բացվեն յուրաքանչյուրի համար, արտագաղթի տեմպը նվազեցնելով՝ այն հասցնել զրոյի, եւ ապա զբաղվել մեր երկրից հեռացած քաղաքացիների համար վերադառնալու հնարավորություններ ստեղծելով: Ես պատրանքներով չեմ ապրում, գիտակցում եմ, որ սա արագ լուծվող խնդիր չի, բայց չնկատել առաջընթացը եւ անել հակառակը՝ եղած դրականը իբրեւ բացասական ներկայացնելը, կարծում եմ, չի տեղավորվում քաղաքական որեւէ դրույթի շրջանակներում:
Երբեմն ինձ թվում է, որ մեր ընդդիմախոսները շարժվում են Ալբեր Քամյուի հայտնի խոսքերի սկզբունքով՝ «Պատմության առջեւ պատասխանատվությունը ազատում է մարդկանց առջեւ ստանձնած պատասխանատվությունից»:
Մենք պատասխանատու ենք մարդկանց առջեւ, նրանցից յուրաքանչյուրի առջեւ: Իսկ դու՞ք...»,-ընդգծել է նա:











