Հայկական արտադրության առաջին պլանշետն ունի 4 պրոցեսոր և հայկական արտադրության օպերացիոն համակարգ: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, հայկական առաջին պլանշետի` ArmTab-ի պաշտոնական ներկայացման ժամանակ ասաց  «Ինստիգեյթ դիզայն» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը:

«Օպերացիոն համակարգը բաղկացած է երկու մասից` «Արաքս» օպերացիոն համակարգ, որը ստեղծել է Նորայր Չիլինգարյանը («Նաիրի» կոնսորցիում) և «Ոստան» աշխատանքային միջավայր»,-ասաց Վահագն Պողոսյանը` ավելացնելով, որ պլանշետը իր գնի համեմատ ունի շատ որակյալ, բոլոր անկյունների տակ երևացող էկրան:

Հայկական առաջին պլանշետում ներառված են մի շարք ուսուցողական ծրագրեր դպրոցականների համար: Ռոբոտաշինության  համար նախատեսված ծրագիրը, օրինակ, տեսանյութերի միջոցով նաեւ ուսուցիչների վերապատրաստման խնդիրն է լուծում:

«Ծիրանի» մշակութային հանգույցի մշակած ծրագիրը դպրոցականներին տեսաձայնային նյութերի միջոցով սովորեցնելու է գրաբար, իսկ «Խոսող գիրք» ծրագրում ներառված են ժողովրդական հեքիաթներ` Հայաստանի բոլոր բարբառներով:

Դպրոցական ծրագրում ներդրվող նոր առարկայի` ազգային պարի համար նախատեսված ծրագիրը տեսանյութերով սովորեցնում է հայկական ազգային պարերի բոլոր շարժումները, նաեւ պարունակում է ինֆորմացիա տվյալ պարի ծագման մասին: