Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գազի արտահոսքի պատճառով փետրվարի 3-ին առաջացած պայթյունից հետո քաղաքի գազամատակարարումը դեռ չի վերականգնվել, ավելին` Վանաձորի որոշ փողոցներ արդեն  մեկ օր է` նաև  հոսանքազրկված են: Պայթյունի վայրում դեռ գազի խողովակների վերանորոգման աշխատանքներ են տարվում, բայց քաղաքի մոտ 40 տոկոսը դեռ գազ չունի։

«Պայթյունից հետո դադարեցրինք քաղաքի համարյա 80%-ի մատակարարումը:  Օջախի հայտնաբերման աշխատանքներն իրականացնելուց հետո վերականգնվեց  կենտրոնի, հիմնարկ ձեռնարկությունների, կենսաապահովման օբյեկտների գազամատակարարումը ` մոտ 60% տոկոս»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու ԳԳՄ շահագործատեխնիկական բաժնի պետ Աշոտ Ամիրյանը:

Գազի մատակարարման դադարեցման պատճառով խանութները, սպասարկման կետերը, բնակարանները սկսել են ձեռուցել էլեկտրական տաքացուցիչներով, ինչը նոր խնդիրներ է առաջացրել։ Մի մասը չի հասցրել գնել էլեկտրական տաքացուցիչները, Վանաձորի խանութներում դրանք արագ սպառվել են։ Բացի դրանից պարզվել է, որ քաղաքի հոսանքալարերը «պատրաստ չէին» նման ծանրաբեռնվածության։ Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ գիշեր աշխատանքներ են տարվել բնակելի շենքերի հոսանքալարերի ու ենթակայանների վթարները վերացնելու ուղղությամբ։ Փաստորեն, շատերը զրկվել են նաեւ էլեկտրականությամբ տունը տաքացնելու հնարավորությունից։

Վթարի հետևանքով Վանաձորի այն դպրոցներում, որոնք գազով են ջեռուցվում, դասապրոցեսները դադարեցվել են, քանի որ չի հաջողվում  եղած  միջոցներով համապատասխան ջերմաստիճան ապահովել:

«Դպրոցական շենքեր ունենք, որոնք շատ մեծ են, և որոնց ջեռուցումը բավականին բարդություններ է առաջացնում, երբ ջերմաստիճանը կտրուկ իջնում է: Բազմաթիվ դպրոցներ ունենք, որտեղ և երեկ, և նախորդ օր, և այսօր ամբողջ գիշեր, առավոտից մինչև երեկո ջեռուցման համակարգերը գործում են, բայց ջերմաստիճանը չի բարձրանում 5-ից, 6-ից: Հաշվի առնելով, որ մենք պետք է վտանգի չենթարկենք սովորողների և ուսուցիչների առողջությունը, մի շարք դեպքերում մենք այդ դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու որոշում ենք կայացրել»,- NEWS.am-ին ասաց Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը:

Գազի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։