Փետրվարի 6-ին «Դեմ եմ» շարժման նախաձեռնած իրավունքների նվաճման երթի ժամանակ ոստիկանները հարվածել են ակցիայի մասնակիցների ոտքերին: Այս մասին քաղաքապետարանի մոտ ակցիայի ավարտին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում ասաց բողոքի երթի մասնակից Հայկ Ավետիսյանը:
«Պիտի խնդրենք՝ որոշ ոստիկաններ ավելի հարգալից վերաբերմունք ցուցաբերեն, որովհետեւ ոստիկաններից էլ է գալիս, երբ ստեղծվում է խառը իրավիճակ: Մեր նպատակը ոստիկանի հետ բախման մեջ մտնելը չի: Մարդիկ դիտավորյալ բաներ են անում, գալիս խփում են: Ընթացքում երկու անգամ ոստիկաններից եկել ոտքով իմ ոտքին են խփել: Իրանք այնպես են խփում, որ չենք տեսնում, թե ով էր»,- ասաց Հայկ Ավետիսյանը։
Վալերի Օսիպյանը խոստացավ հնարավորության սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի պարզի այդ խնդիրը:
Երեւանի փոխոստիկանապետը երթի մասնակիցների հետ զրույցում ասաց, որ երթն անկազմակերպ էր, եւ եթե իրենք հանդուրժողական չլինեին, տասնյակ մարդկանց կարող էին ոստիկանության բաժին բերման ենթարկել հասարակական կարգ խախտելու համար. «Ինքնահոսի էր թողնված, կոնկրետ Խորենացի փողոցի վրա շատ անկազմակերպ եք եղել: Կարգադրիչներ չկային, որպեսզի հսկեին եւ թույլ չտային մարդկանց կարգ խախտել: Անգամ կոչեր չեմ տեսել, որ դուք փորձեիք հանդարտեցնել, այդ մարդկանց: Սա ասում եմ հաջորդ երթի համար, որպեսզի ամեն ինչ օրենքով լինի»։
Կառավարության երրորդ մասնաշենքի մոտից մեկնարկած պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ երթն ավարտվեց Երեւանի Քաղաքապետարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները հեռացան` իրենց թռուցիկները փակցնելով Քաղաքապետարանի մոտ կայանած մեքենաների դիմապակիներին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











