Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում ավտոբուսի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է հայրն իր երեխաների աչքի առջև ավտոբուսում դաժանորեն ծեծում ուղևորներից մեկին, որը նրան խնդրում է երեխաներին զգուշացնել իր վրա քաղցրավենիք չնետել:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ 21-ամյա ուղևորը ավտոբուսի մեջ է եղել, երբ հայրը, մայրը և նրանց երկու երեխաներն ավտոբուս են նստել: Երեխաները սկսել են երիտասարդի վրա քաղցրավենիքներ նետել, իսկ երիտասարդը, առանց բարկանալու, երեխաների հորը խնդրել է, որ սաստի նրանց։
Հայրը բարկացել է, վեր կացել տեղից, մոտեցել ուղևորին, խոսել նրա հետ, հետո նստած տեղից վեր է կացել ու սկսել բռունցքներով հարվածել նրա դեմքին և պղպեղի սփրեյ ցանել աչքերին:
Րոպեներ անց մայրը նույնպես միացել է ամուսնուն, և նրանք երկուսով դաժանորեն ծեծել են ուղևորին հենց իրենց երեխաների աչքի առջև:
Երիտասարդին ծեծելուց հետո ընտանիքն իջել է ավտոբուսից և փախուստի դիմել: Ուղևորին քթի կոտրվածքով և դեմքի այլ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել ընտանիքի անդամներին:











