Համաշխարհային Facebook սոցիալական ցանցի հիմնադրման 10-ամյակի հետ կապված օգտատերերին մատուցված անակնկալը՝ տարբեր նկարներով եւ երաժշտությամբ կազմված տեսագրությունները մեծ արձագանք են գտել սոցկայքերում։ Այդ համատեքստում bobiler.org կայքը հրապարակել է երգիծական տեսագրություն՝ այն վերագրելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Տեսագրության մեջ օգտագործվել են մամուլում հայտնված իրական բայց զավեշտալի լուսանկարները, Գեզի այգու բողոքի գործողությունների, «Մեծ կաշառք» գործողությունների, Էրդողանի եւ Գյուլենի լուսանկարները։
Լուսանկարներից մեկը սկանդալային դեպքերից է, երբ Էրդողանը իր դեմ բողոքող կնոջ որդուն կոպիտ կերպով զգուշացրել էր. «Մորդ վերցրու հեռացիր»։ Սրան ի պատասխան կա նաեւ «Մեծ կաշառք» գործողությունից հետո բողոքի ակցիաներից մեկի լուսանկար, որում ցուցարարները կարգախոս են պարզել. «Էրդողան, որդուդ վերցրու հեռացիր»։
Այս տեսագրությունը թուրքական մամուլում եւ սոցկայքերում մեծ արձագանք է գտել։











