33-ամյա Սերգեյը կեպի գլխարկներ սկսել է հավաքել 2007թ.։ Նրա հավաքածուում այժմ 95 գլխարկ կա, որից 66-ը Երևանում է, իսկ 29-ը՝ ԱՄՆ-ում:

«Առաջին անգամ, երբ Կոլորադո նահանգում հոկեյի էի գնացել, Կոլորադոյի խաղացողներից մեկը 3 գոլ խփեց հակառակորդ թիմին, ես էլ նոր առած գլխարկով նստած էի, մեկ էլ տեսնեմ գլխարկ ունեցողները հանեցին գլխարկները և նետեցին սահադաշտ: Իմ հարևանն էլ իմ գլխարկը վերցրեց ու գցեց սահադաշտ»,- NEWS.am-ին պատմեց Սերգեյ Թումանյանը` հիշելով, որ խաղից հետո նորից գլխարկ է գնել, որն էլ դարձել է իր հավաքածուի առաջին գլխարկը:

Սերգեյը գլխարկներ է գնում բոլոր այն քաղաքներից, որտեղ այցելում է եւ առօրյայում էլ կրում է դրանք։ Նրա հավաքածուի ամենաթանկ գլխարկն արժե 65 եվրո, ամենաէժանը՝ 7 դոլար։ Ամենասիրած գլխարկներն են Մյունխենի «Բավարիայի» և Դենվերի «Բրոնքոսի» ֆուտբոլային թիմերի գլխարկները, որոնք նա անպայման կրում է այդ թիմերի խաղերը դիտելիս: Ամենահիշարժաններից է 2010թ. «Տուր դե Ֆրանսի» առաջին փուլի հաղթողի գլխարկը. «Երբ հաղթողին արդեն շամպայնով գավաթ էին տալիս, նա հանեց իր գլխարկը և շպրտեց դեպի մարդկանց ամբոխը, և չգիտեմ ոնց՝ քույրիկս բռնեց այս գլխարկը»:

Կեպի գլխարկների սիրահարը  միայն ափսոսում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխարկը չունի:

«3 անգամ գնել եմ այդ գլխարկը, բայց ամեն անգամ մերոնք խաղը պարտվել են և թողել եմ բոլոր գլխարկները տաքսու վարորդներին, բայց խոստացել եմ` կպահեմ այն գլխարկը, երբ գնամ մեր մարզադաշտ, տեսնեմ Հայաստանի հավաքականը հաղթում է մրցակցին»,-ասաց Սերգեյ Թումանյանը: