ՀՀ Կառավարության շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 6-ին, հավաքվել էին ավտոդողերի գործարանի «Դողագործ» ԲԲԸ մի խումբ աշխատակիցներ, ովքեր պահանջում էին վճարել 1400 աշխատակիցների 1996-2002թթ չվճարած աշխատավարձերը, եւ գործարանում աշխատելու տարիներին անաշխատունակ դարձած 89 խեղանդամ թոշակառուների հասանելիք գումարը:

Գործարանի նախկին փականագործ Ժորա Սարբազյանը, որը տառապում է ոտքերի փտախտով, ցույց տվեց հիվանդությունից սեւացած ոտքերը։

«Հիմա ինձանից 450 հազար դրամ փող են ուզում, որպեսզի ոտքերիցս մեկը կտրեն, տվեք որ տամ էդ փողը: Ի վիճակի չեմ ես, արդեն ոսկորին են հասել վերքերը: Խեղանդամներից մնացել ենք 6-7 հոգի, մահացել են բոլորը, քիմիական գործարանում աշխատելով՝ մարդիկ վաղաժամ արդեն գնացել են: Մենք ողորմություն չենք խնդրում, մենք ուզում ենք մեր արյան փողը, կորցրած արյան փողն ենք ուզում»,- բողոքում էր Ժորա պապիկը։

Ավտոդողերի գործարանի նախկին աշխատակիցներից Փարիս Կասմանյանն էլ պատմեց, որ բացի խեղանդամների չվճարած գումարից 1400 մարդ էլ 6 տարվա աշխատավարձը չի ստացել: «Այդ ընթացքում աշխատել ենք, բայց գումար չենք ստացել:Հայտնվել է 75 տոկոսով ներդրող ԱՄՆ-ից Խրիմյան Սարգիսը։Եկել է, աշխատավարձի մասով պարտքը վերցրել է իր վրա, ու գործարանն աշխատացրել: Ինքը վճարել է իր աշխատացրած ժամանակի մասով: Բայց պարտքը չի վճարել մինչեւ այսօր: Այժմ գործարանը սնանկացած ա: Ցուցակային թվով մոտ 1400 մարդ չի ստացել գումարը: Բայց տարիների ընթացքում շատերը մահացել են, նրանց մի մասը տեղափոխվել է ուրիշ երկրներ, մի մասը հիվանդ են, այստեղ չեն գալիս»,- պատմեց Փարիս Կասմանյանը:

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո աշխատակիցները գնացել են Պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց չեն ընդունել: