ՀՀ Վարչական դատարանում փետրվարի 7-ին Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության հայցով վարչական պատասխանատվության ենթարկելու գործով դատական հերթական նիստին պատասխանող կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Կիվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը դատարանին միջնորդության վերաբերյալ փաստարկներ ներկայացրեց՝  նշելով, որ լրագրողներին նիստի նկարահանումը  արգելելով՝ դատարանը կողմնակալություն է ցուցաբերում եւ անհավասար պայմաններ ստեղծում հայցվոր եւ պատասխանող կողմերի համար:

Նշենք, որ նախորդ դատական նիստին պատասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ լրագրողները կարողանան տեսանկարահանել նիստի ընթացքը, իսկ հայցվոր կողմը առարկել էր՝ նշելով, որ նկարահանելու դեպքում իրենք կկաշկանդվեն:

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը հայցվոր կողմը եւս առարկեց՝ նշելով, որ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներն անհիմն են եւ իրավական հիմքեր չունեն:

«Դատական նիստերին ոստիկանների ներկայացուցիչները երբեք ոչ մի լուրջ հիմնավորում չեն ներկայացնում: Եվ իրենց հայցադիմումն է թերի կազմված, եւ իրենց փաստարկները չեն բխում օրենքի պահանջներից: Մեր բոլոր հիմնավոր միջնորդությունների մասին իրենք այդ հայտարարությունն են անում, որ անհիմն է: Բայց անհիմն լինելու որևէ փաստարկ իրենք չեն ներկայացնում և չեն էլ կարող ներկայացնել, որովհետև դրանք չկան»,-դատակն նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց  Արգիշտի Կիվիրյանը:

Դատարանը ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 10-ին:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Հայցվոր կողմի պնդմամբ` 2013թ. սեպտեմբերի 4-ին Կիվիրյանը չի կատարել ոստիկաններ Արա Սարգսյանի ու Արթուր Օսիպյանի օրինական պահանջը: Նշենք, որ այդ օրը մի խումբ քաղաքացիներ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքում էին Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու դեմ: