ԱԻՄ-ամակնները զորակցական ուղերձ են հղել ուկրաինացի ժողովրդին, որը այսօր՝ փետրվարի 7-ին, ընթերցեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ։

«Կեցցե Ուկրաինայի ազատապաշտությունը, կորչի քաղաքակրթության գերեզման ռուսական կայսրությունը». ուղերձի վերջին տողերը լսելուց հետո հրապարակում հավաքված ԱԻՄ-ականները վանկարկեցին՝ «Слава Украине, Слава Героям»:

ԱԻՄ առաջորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ այսօրվա հավաքը փետրվարի 18-ի՝ ԱԻՄ-ականների երդման օրվա նախապատրաստությունն էր։ Այդ օրը Հայրիկյանը նախատեսում է անցկացնել ավտոերթ, հանրահավաք եւ քայլերթ։  Նախապատրաստական աշխատանքների շրջանակում հենց հրապարակում վերագրանցեցին հին ԱԻՄ-ականներին եւ գրանցեցին նորերին։

«Մի պարտավորություն  ունի ԱԻՄ-ականը. նա  3 ամիսը մեկ պետք  է վճարի խորհրդանշական գումար՝  1000 դրամ՝ իր ԱԻՄ-ականությունը հաստատելու  համար: Այսինքն՝ ամբողջ տարվա համար՝ 4 հազար դրամ»,- հիշեցրեց Պարույր Հայրիկյանը:

Ինչպես Հայրիկյանի բոլոր հրապարակային հավաքներում, այս անգամ էլ առանցքում ռուսական ԿԲԳ-ի թեման էր, նույնիսկ մյուս բանախոսների ելույթներում։

«Շատ վատ է, որ կենսաթոշակային այդ մահակը օգտագործում են, շատ վատ է, որ ազատամարտիկին լավ չեն նայում, շատ վատ է, որ մեր տատիկ-պապիկներին լավ չեն նայում, շատ վատ է, որ աշխատատեղ չունենք, բայց դա ընդամենը հետեւանք է: Իրական պատճառը ԿԳԲ-ի գործողություններն  են Հայաստանի Հանրապետության տարածքում»,- իր ելույթում ասաց «Խաչակիր» ՀԿ-ի նախագահ Գագիկ Սարուխանյանը։