Փետրվարի 4-ին Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի Ռազմագիտության ուսուցիչ, մայոր Գրիգորյանի եւ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու`Շահեն Հարությունյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ պատմություններ են պատմում դպրոցի տնօրեն՝Երվանդ Սարգսյանը, ականատեսները եւ մայոր Գրիգորյանը: NEWS.am-ի լրագրողը այցելել է 139 դպրոց եւ զրուցել նրանց հետ:
Մայոր Գրիգորյանը, որն այս դպրոցում աշխատում է 2010-ից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Շահեն Հարությունյանը, այդ օրն իրեն պահել է աշակերտին ոչ վայել, իրեն «էշ» է անվանել, իսկ ինքը միայն մոտեցել է, բռնել Շահենին որովայնից եւ թափ տվել. «Օրհներգը երգելու ժամանակ ծիծաղում էր, իսկ հետո ասաց, որ օրհներգի բառերը սխալ են գրված. ես ինքս չեմ կարող էս հայրենիքի համար մեռնել»:
Իսկ լրագրողի այն հարցին, թե ով է առաջին հարվածել, նա պատասխանեց. « Տնօրենի սենյակ գնացինք, խորհրդակցության էր, հետ եկանք, նորից սկսեց դասը խանգարել, հավսար զգաստ եմ ասել, որպեսզի բոլորը մեկ րոպեով կանգնեն, Շահենը չի կարողացել իրան պահի, էդ ժամանակ ասեց՝ բա «էշ ես, էշ-էշ բաներ ես խոսում»: Ես ինքս որպես մեծ մարդ, իր պապիկին հավասար մարդ, մոտեցել եմ իրան, ձեռքով բռնել, նրա որովայնից թափ տվել ու ասել՝ տղա ջան քո հորից մեծ մարդ եմ, չե՞ս ամաչում, ինչե՞ր ես խոսում: Ինքը հետո գնացել է հետ ու այնտեղից աթոռը շպրտել իմ գլխին: Ու ես դասերից հետո եմ իմացել, որ իր պապան կալանավորված է, ու ինքը Շանթի որդին է: Իմացա, մնացի շշմած, ամեն ինչը գլխիս շուռ եկավ, նոր ես պատկերացրի՝ երեխեն ինչ ապրումների մեջ է եղել»:
Ուսուցչի խոսքով, ինքն իր նախաձեռնությամբ չէ ոստիկանություն բողոք ներկայացրել, քանի որ Շահենին սեփական թոռնիկի պես է սիրում, ու չէր կարող նման բան անել. «Երեկոյան ժամը 8-ին տանը նստած էինք ու ոստիկանությունից զանգեցին: Ասեցին՝ դասարանում արտակարգ դեպք ա պատահել, դուրս արի, մենք քո հետեւից գալիս ենք: Պարզվեց՝ իրանք համացանցը ստուգում են ու Շահենի գրածը ինձ ցույց տվեցին: Փաստորեն՝ ինքն է իր գլխին սարքել»։
Մայոր Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքը երբեք չի վիրավորել Շահենին, ուղղակի կատակել է՝ ասելով, թե մի օր «նա էլ աղջիկ կդառնա, եթե աղջիկների հետ շատ շփվի»:
«Ավարտել եմ Պոլիտեխնիկի ավտոդարոժնի ինստիտուտը: Ունեցել ենք 67 տղա, 1 աղջիկ: Մի քանի տարի առաջ տեսա էդ աղջկան, ասացի՝ ո՞նց ես Մարիետա ջան, ասեց՝ ո՞նց պետք ա լինեմ, երեխա չունեմ, մնացի տունը: Ու ինքն էլ, որ եկել է աղջիկների դասարանի մեջ, քիչ տղաներ կան, ես կատակեցի, ասացի՝ Շահեն ջան, զգույշ մնա, կարող ա էս աղջիկների մեջ մնաս, հետո քո կյանքը չդասավորես: Ես նրան խելագար էլ չեմ անվանել»,- պատմեց մայորը։
Ռազմագիտության ուսիցիչը հերքեց նաեւ այն, որ ինքը հայերին անվանել է Ռուսաստանի ստրուկը . «Ես ասել եմ, որ մեր անվտանգության կեսը սահմանին պահում ա Ռուսաստանը, եւ ոչ թե մենք Ռուսաստանի ստրուկն ենք, դա Շահենն է իր կողմից ավելացնում»:
Մայոր Գրիգորյանին պատմածին հակասող մանրամասներ պատմեց Շահե Հարությունյանի դասընկեր, 14-ամյա Հրաչ Տիգրանյանը։ Աշակերտի խոսքով, ուսուցչի եւ Շահենի հարաբերությունները վաղուց են լարված, ուսուցիչը հաճախ է Շահենին վիրավորում:
«Օրհներգի ժամանակ բոլորս ծիծաղացինք, բայց Շահենին նկատողություն արեց ու ասեց՝ ոչխար: Շահենը ընդունեց իր սխալը, օրհներգը նորից երգեցինք: Օրհներգը երգելիս, «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնես» ասաց «պիտ մեռնիի »փոխարեն, մենք նորից ծիծաղեցինք իր սխալի վրա: Հետո Շահենին կանչեց գրատախտակի մոտ, հարցրեց, թե ինչի վրա է ծիծաղում, բոլորով ասացինք, որ իր ասածի վրա ենք ծիծաղել: Տնօրենի սենյակից գալուց հետո, ասեց՝ հիմա կկանգնենք տաս րոպե բոլորս ծիծաղեցինք, բայց նորից Շահենին վիրավորեց, ասաց՝ դու ֆիզիկապես եւ մտավոր թույլ մարդ ես: Շահենն ասաց՝ հորս արեւ, էլ ինձ չվիրավորեք, բայց նա շարունակեց ու Շահենին ռախիտ ու հիվանդ անվանեց: Շահենը ցածրաձայն ասաց, «ես ինչ անեմ, որ ինքը ինձ էշի պես չի լսում»: Մայորը եկավ, ձեռքի ափով խփեց Շահենի կրծքին, Շահենը երեք մետր հետ գնաց, կպավ պատին: Հետո մինչեւ Գրիգորյանը կհասներ իրան, Շահեն մի հատ ոտքով հարվածեց, մայորն էլ բռունցքով հարվածեց Շահենին, հետո Շահենը վերցրեց աթոռը, տվեց մայորի գլխին, հետո էլի խփեց Շահենին, ինքը ընկավ գետնին: Ես պահեցի ընկեր Գրիգորյանին, ինքը վեր կացավ, փախավ»,- պատմեց Հրաչը։
Դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանը Շահենին բնորոշեց որպես լավ աշակերտ, բավարար առաջադիմությամբ. «Նորմալ երեխայի տպավորություն է թողել։ Ես հետաքրքվել եմ, բավարար առաջադիմություն ա ունեցել, ուսուցիչները խնդիրներ չեն ունեցել այս աշակերտի հետ սովորելու կամ կարգապահության հարցում»։
NEWS.am-ի այն հարցին, թե իր կարծիքով, ով է մեղավոր տեղի ունեցածի համար, նա ասաց. «Մանկավարժն էլ մարդ է, չէ՞, կարող ա՝ նենց աստիճանի է հասցրել, որ մարդ հունից դուրս գա: Բայց կոնֆլիկտի համար հոգու խորքում մեղադրում եմ ուսուցչին, վերջին հաշվով դասապրոցեսում, առաջին հերթին ուսուցիչն է կարգավորում ամեն ինչ, հետեւաբար մեղավորության աստիճանը ավելի շատ գտնում եմ, որ ուսուցչի մոտ է»։
Միջադեպի վերաբերյալ ուսուցչի եւ աշակերտի պատմությունները տարբեր են, բայց մայոր Գրիգորյանը հավատացրեց, որ ինչ էլ լինի նա չի բողոքելու եւ ներելու է Շահենին. «Եթե քրեական գործի արդունքները լինի, որ ես լինեմ տուժողը, ես ոչ մի բան էլ չեմ անի, նա իմ երեխան ա, ես պարտավոր եմ իմ թոռանը ներեմ: Նա մեր պագան զինվորն ա»:











