Գաստրոնոմիական դիտելասիրությունը (վուայերիզմ) նորաձեւության վերջին ճիչն է համարվում Հարավային Կորեայում:  La Voz de Galicia-ի անհայտ լրագրողը այդ երեւույթը թարգմանում է որպես «սնվելու դահլիճներ»: Հանդիսատեսը վճարում է եւ ուղիղ եթերով դիտում, թե գեղեցիկ աղջիկները ինչքան շատ են ուտում: Բացի այդ, աղջիկները շփվում են նրանց հետ:

Թերթը արդյունաբերության թագուհի անվանում են  La Diva կեղծանվամբ աղջկան` բարեկազմ կորեուհուն, «որը ստամոքսի փոխարեն անտակ հոր ունի»: Նրա ալիքն ունի հազարավոր  հետեւորդներ, այնպես որ նա վաստակում է ամսական 9300 դոլար:

34-ամյա Փարք Սեո Ենը տեսախցիկի առաջ ուտում է մեծ քանակությամբ բազմատեսակ ուտեստներ: Գումար նրան բերում են գովազդատուները եւ նվիրատվություն անող հանդիսատեսները: Նա թողել է իր ցերեկային աշխատանքը եւ դրա փոխարեն էներգիան կենտրոնացրել տեսախցիկի առաջ սնվելու վրա: Փարքը կարող է օրական երեք ժամ անցկացնել տեսախցիկի առաջ սնվելով:

 «Մարդկանց դուր է գալիս, որ իրենք չեն կարողանում ուտել այն, ինչ ես, քանի որ իրենք դիետա  են պահում: Մենակությունը եւս կարեւոր գործոն է», - ասում է Փարքը:

Միանգամից նա կարող է ուտել միջին չափսի երկու պիցայից մինչեւ 30 խաշած ձու կամ էլ հինգ փաթեթ արագ պատրաստվող  լապշա: Ըստ նրա` ինքը երբեք ստամոքսի խանգարում եւ առողջական խնդիրներ չի ունեցել: Նա հավելել է, որ սկսել է հեռարձակել իր սնվելը, քանի որ «ձանձրանում էր եւ հոբբիի կարիք ուներ»:

Նշվում է, որ նոր միտումը վերջին ամիսներին տարածում է գտնում Հարավային Կորեայում:  Ըստ փոձագետների` երկրում դրա հանրաճանաչությունը  բացատրվում է նրանով, որ միայնակ ապրող մարդիկ ցանկանում ուտելիս ընկերակցողներ ունենալ:

Երկիրն ունի աշխարհում միայնակ մարդկանց ամենաբարձր ցուցանիշը: Ըստ կանխատեսումների` երկրում նրանց թիվը 2012թ. 25,3%-ից 2030թ. կաճի մինչեւ  32,7%:

Հարավային Կորեայում տարօրինակ տարվածությունն անվանում են «մոկ պաֆ», որը կազմված է երկու բառից` «ընթրիք» եւ «հեռարձակում»: Ներկայումս երկրում 3500 մարդ զբաղվում են դրանով, հայտնում է  Inopressa-ն: