Սայաթ-Նովա 10/5 հասցեում՝ նախկին կաթսայատան փոխարեն կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինհրապարակի հարեւանությամբ գտնվող Սայաթ-Նովա 12 շենքի վերջին՝ հինգերորդ հարկի բնակարաններից մեկի պատերին ճաքեր են առաջացել:
Տանտիրուհու՝ Հռիփսիկ Պետրոսյանի խոսքով՝ պատերը ճաքել են 10 օր առաջ, երբ շինարարական աշխատանքների հետևանքով փլուզվել էր նաև բակի միջով անցնող ճանապարհը: Նա համոզված է, որ պատճառը իրենց շենքի բակում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունն է, ինչի վտանգավորության մասին բազմիցս ահազանգել են հարակից շենքերի բնակիչները։
«Փլուզում եղավ, սողանքներ առաջացան: Դրանից հետո, որ եղանակներն սկսեցին մի քիչ տաքանալ, պատը 10 օր առաջ ճաքեց մի տեղից: Սկզբում մի պուճուրիկ գիծ էր, իսկ հիմա արդեն ամբողջ պատը փխլվում ա: Կանչում, ասում եմ՝ եկեք տեսեք՝ շինարանարության հետևանքով ինչ ա եղել, ասում ա՝ ինձ պե՞տք ա, ինչ եղել եղել ա»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Հռիփսիկը:
Նա մտավախություն ունի, որ ճաքերը հետզհետե կխորանան, բայց, միևնույն ժամանակ, հույս չունի, որ պատկան մարմինները խնդրին լուծում կտան: «Ում որ դիմում ենք, ոչ մեկ մեզ չի օգնում. ոչ քաղաքապետարանը, ոչ նախագահը: Մարդիկ էս պետության համար զրո են»,-բողոքեց տիկին Հռիփսիկը:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա 10 և 12 շենքերի բնակիչները՝ մոտ 400 մարդ, ստորագրել են քաղաքապետարան ուղարկված դիմումի տակ, որում պահանջում են դադարեցնել «Լարկո գրուպի» կողմից կառուցվող բարձրահարկի «ապօրինի» շինարարությունը, որը կառուցվելու դեպքում փակելու է իրենց բնակարանների լույսը, դեպի իրենց շենքեր տանող հրշեջ մեքենաների ճանապարհը, զրկելու է իրենց երեխաներին բակային տարածքից եւ թուլացնելու է իրենց շենքերի սեյսմակայունությունը։











