Սիսիանի բնակչուհի Էդիտա Նավասարդյանի մեքենան վթարի հետեւանքով ջարդոնի է վերածվել եւ 2013թ. սեպտեմբերից ավտոտնակում է գտնվում: Էդիտա Նավասարդյանի եղբայրը «Արմենիա» հեռուստաընկերության «Սուրանկյուն» հաղորդաշարի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ քույրը հրաշքով է ողջ մնացել, իսկ մյուս մեքենայի հետ բախումը պարզապես անխուսափելի է եղել:

«Վնասը գնահատել են 1,2 միլիոն դրամ: Մեքենան վարկով է գնված եւ չի աշխատում, ամեն ամիս վարկ ենք վճարում, եւ նման անելանելի վիճակում ենք»,-

Մյուս կողմը՝ Աշոտ Դավթյանը եղբոր մեքենան վարել է ոչ սթափ վիճակում եւ չի ունեցել վարորդական իրավունք: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եզրակացությամբ վթարի մեղավոր է ճանաչվել Աշոտ Դավթյանը, սակայն ապահովագրական «Ինգո-Արմենիա» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը:

Մեղավոր կողմի պահանջով կրկնակի փորձաքննություն է նշանակվել, որի պատճառով ձգձգվում է մեքենայի վթարի փոխհատուցումը:

Մեկ այլ դեպքով էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները նախ մի բան են ասել, ապա արել հակառակը: Յուրիկ Հարությունյանի որդին շենքի բակում հետընթաց կատարելիս հարվածել է եղբոր կնոջ մեքենային: Զանգահարել են «Ինգո-Արմենիա», որտեղից հավաստիացրել են, թե ոչ մի խնդիր չկա, որ վթարի կողմերը ազգականներ են, բայց երկու ամիս անց ընկերությունից հայտնել են, որ չեն փոխհատուցելու՝ հիմնավորելով, թե մեքենաների վարորդները եղբայրներ են, եւ վթարը կարող է սարքովի լինել, մինչդեռ մեքենան պատկանել է եղբոր կնոջը, իսկ ղեկին մարդ չի եղել: «Ինգո-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն էլ մեղքը բարդել է օրենսդրական բացի վրա, ապա փորձել համոզել, թե մեքենայի ղեկին մարդ է եղել: