Սունդուկյանի անվան թատրոնի հետնամասում գտնվող Անգլիական այգում օրերս երկու հաստաբուն հացենի է հատվել։ Ահազանգի հետքերով այգի մեկնած NEWS.am-ի նկարահանող խումբը հանդիպել է այգու տնօրեն Գեւորգ Մնջոյանին, ով վստահեցրել է, որ ապօրինի ծառահատումներ չեն իրականացվել, հատվել է հին ու փտած երկու ծառ։

 «Չորացած ծառ ա եղել, սա պիտի ծակվի, որ նոր կաղնիներ եմ զակազ տվել, գարունը գա, ծառատունկ անեմ , 500 հատ կաղնի պետք է բերեն: Եթե ես այս ծառը թողնեի, մյուսն էլ կվնասվեր. կտրել ենք, որ կողքի ծառը գոնե մի քիչ  ապրի»,- ասաց այգու տնօրենը, որը տեղյակ չէր, թե կոնկրետ ինչ տեսակի ծառ է հատվել։

Տնօրենի խոսքով,  ծառերը հատելու թույլտվությունը ստացել է բնապահպանության վարչությունից. «Առանց թույլտվության ես ո՞վ եմ, որ ծառ կտրեմ : Գարնան եւ աշնան ծառատունկերին  ամեն անգամ գալիս են ու անգամ բարակ ճյուղերը  հաշվում, սաղ գրանցվում ա»:

Հարցին, թե ինչ՞ու են ծառերը փտել, եւ արդյո՞ք դա սխալ խնամքի հետեւանք չէ, Գեւորգ Մնջոյանը պատասխանեց. «Ծառերն ամեն տարի սրսկում  ենք, դա ճիշտ  բուժման հետ կապ չունի, ուղղակի այս  ծառերը հին են՝ այգու տարիքի։  Սրանք մի 80, 90,100 տարվա ծառեր են»:

Այգու տնօրենի խոսքով՝ այգում էլի ծառեր կան, որոնք փտած են եւ պետք է հատվեն. « Ծառեր կան այգում, որ ընկնում են արդեն. վերեւը կանաչում է,  բայց արմատը՝քոքը, փտած է»։

Բնապահպան Կարինե Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հացենիները ամենախոցելի ծառերն են, եւ քաղաքում նախընտրելի չէ հացենիներ ունենալ.«Շուտ հիվանդացող ծառեր են, անընդհատ սրսկումներ են պահանջում»։

Բնապահպանի խոսքով, եթե հատված ծառերը փոխարինեն կաղնիներով, դա ճիշտ տարբերակ է. «Բայց հարկավոր է հետեւել, որ կաղնի տնկեն, ոչ թե կրպակ տեղադրեն կամ սրճարան կառուցեն»։