Ոստիկանությունը հաղորդում է, որ խարդախություն կատարելու կասկածանքով փետրվարի 1-ին ոստիկանները բերման են ենթարկել 43-ամյա Լևոն Տեր-Կարապետյանին:

Ոստիկանությունը հայտնում է, որ Լևոնը ծանոթներից մեկին խնդրել է, որ իր անձնագրով ոսկի գրավ դնի: Նա տուժածին նախ կանչել է Հրազդան, հետո նրան է տվել կեղծ ոսկի, որ գրավ դնի:

Լևոնը ծանոթին խաբել է, որ գրավատան աշխատողին սպանել են, ու ինքն է ժամանակավորապես փոխարինում նրան: Սակայն նա գրավատանն սկսել է աշխատել դեռ 2013թ.-ից:

Տուժողը մտել է գրավատուն, հենց Լևոնի ներկայությամբ գրավադրել կեղծ ոսկին ու դուրս եկել:

«Տվել եմ ոսկին, ինքը գրել ա, կողքի աղջիկը ստորագրել ա, ես կողքի պատուհանից` էդ աղջկանից ստացել եմ 340 հազար դրամ, վճարել եմ առաջին ամսվա տոկոսը ու դուրս եկել: Հետո ինքը զանգել, ասել ա փողոցը անցնեմ, էդ բուդկաների հետևը սպասեմ: Եկել ա, ես գումարը լոմբարդի թղթով տվել եմ իրան»,- ոստիկաններին պատմել է տուժողը:

Ոստիկանությունը հայտնում է, որ Լևոնը նույն սցենարով նաև տուժողի բարեկամուհուն է ծուղակը գցել:

Ոսկին գրավադրելուց մի քանի օր անց գրավատան ղեկավարությունը զանգահարել է գրավատուներին ու պահանջել, որ կամ գրավադրված մետաղի քաշին համարժեք ոսկի տանեն գրավադնեն, կամ էլ շտապ վերադարձնեն ստացված գումարը:

Խուճապի մատնված տուժողը Լևոնից պահանջել է, որ արագ շտկի իրավիճակը, այլապես կդիմի Ոստիկանություն:

Դեպքից երկու ամիս անց ոստիկանները ձերբակալել են Լևոնին:

Փաստի առփիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով: Լևոն Տեր-Կարապետյանը ստորագորությամբ բաց է թողնվել: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: