ՀՀ Վարչական դատարանում փետրվարի 10-ին Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության հայցով վարչական պատասխանատվության ենթարկելու գործով դատական հերթական նիստին դատավորը  մերժեց նախորդ նիստին պատասխանող կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց, որ վկայություն տան ոստիկաններ Արա Սարգսյանն ու Արթուր Օսիպյանը, որոնց օրինական պահանջը, ըստ մեղադրանքի, Կիվիրյանը չի կատարել, սակայն դատարանը մերժեց այն:

Հայցվոր կողմը միջնորդությունը ներկայացնելիս չմատնանշեց, թե վկաներն ինչ փաստերի վերաբերյալ են ցուցմունք տալու՝ չնշելով նաև, թե  նրանցից որի պահանջը չի կատարել Կիվիրյանը:  Պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը առարկեց միջնորդությանը:

«Ես հասկացա, որ հայցվոր կողմը չգիտի, թե ինչ ցուցմունք են տալու վկաները: Նման կերպով կարող ենք նաև հրավիրել մեր հարևաններին, միգուցե որևէ տեղեկություն կհայտնեն դեպքի մասին: Հայցվոր կողմը չմատնանշեց այն փաստերի շրջանակները, որոնց վերաբերյալ նրանք պետք է ցուցմունք տան»,-նշեց փաստաբանը:

Արգիշտի Կիվիրյանն էլ առաջարկեց ցուցմունք տալու համար հրավիրել ոստիկանության 5000 աշխատակիցներին՝  ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:  «Եկեք կանչենք, թող ցուցմունք տան, հնարավոր է՝ գործին վերաբերող ինչ-որ բան ասեն: Ինձ հենց Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտից են բերման ենթարկել, եկեք տարածքի բնակիչներին էլ կանչենք»,- հեգնանքով ասաց նա, որին ի պատասխան հայցվոր կողմի ներկայացուցիչ Դիանա Վարդանյանն ասաց՝«չենք առարկում» և ավելացրեց, որ իրենք նպատահարմար չեն գտնում արձանագրել, թե ինչ փաստերի ապացուցման համար են վկաները ցուցմունք տալու:

Դատական նիստին հայցվոր կողմը նաև ցանկություն հայտնեց ներկայացնել սեպտեմբերի 4-ի միջադեպի վերաբերյալ տեսաձայնագրություն, սակայն այդ պահին այն իր մոտ չունենալու պատճառով ասաց, որ  մեկ-երկու օրվա ընթացքում տեսագրությունը կներկայացնի դատարանին և կուղարկի պատասխանող կողմին:

Պատասխանող կողմը հակընդդեմ հայց ներկայացրեց դատարանին, որից հետո նիստը հետաձգվեց:

«Վկաների վերաբերյալ միջնորդությունն ի սկզբանե աբսուրդ էր: Ոստիկանությունը որևէ նիստում ոչ մի հիմնավորում չի կարողանում ներկայացնել: Միշտ օգտագործելով բոլոր միջոցները՝ փորձում է ճնշել քաղաքացուն և պոկել իր ցանկալի որոշումը:  Այս պարագայում իրենք հասկացան, որ իրենց բիրտ ուժի դիմաց ուժ է կանգած: Հենց դրա համար էլ իրենք հայտնվել են կոմիկ վիճակում և ցույց են տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե ոստիկանների, այլ մանկապատանեկան ճամբարի երեխաների հետ, որոնք նոր փորձում են  իրավական գիտելիքներ ձեռք բերել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ ոչ առանցքային միջնորդությունների բավարարումը կամ մերժումը չի վկայում դատարանի անաչառության մասին:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Հայցվոր կողմի պնդմամբ` 2013թ. սեպտեմբերի 4-ին Կիվիրյանը չի կատարել ոստիկաններ Արա Սարգսյանի ու Արթուր Օսիպյանի օրինական պահանջը: Նշենք, որ այդ օրը մի խումբ քաղաքացիներ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքում էին Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու դեմ: