Փետրվարի 6-ին մեկնարկած Բեռլինի միջազգային կինոփառատոնում կցուցադրվեն վրացի 2 ռեժիսորների ֆիլմերը: Լեվան Կոգուաշվիլիի «Պատահական հանդիպումներ» ֆիլմը կցուցադրվի կինոփառատոնի «Ֆորում» ծրագրի շրջանակներում, իսկ Տինատին Կաջրիշվիլիի «Հարսներ» ֆիլմը կցուցադրվի «Պանորամա» ծրագրում:
«Պատահական հանդիպումեր» ֆիլմը վրացի ռեժիսոր Լեւան Կոգուաշվիլիի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, որը մինչեւ Բեռլինի կինոփառատոն հասնելը հասցրել է արդեն ցուցադրվել Տորոնտոյի, Աբու Դաբիի եւ Փալմ Սփրինգսի կինոփառատոններում:
Ֆիլմի գլխավոր հերոս Սանդրոն 40-ն անց տղամարդ է: Աշխատում է դպրոցում եւ ապրում է ծնողների հետ, որոնք նրան անընդհատ նախատում են չամուսնանալու համար: Սանդրոյի ընկեր Իվան նրան համոզում է հանդիպել մի քանի կանանց հետ: Ձախողված հանդիպումներից հետո Սանդրոն ծովափում հանգստանալիս պատահաբար հանդիպում է Մանանային, որը Սանդրոյի աշակերտներից մեկի` Աննայի մայրն է:
Սանդրոն, սիրահարվելով Մանանային, միայն հետո է պարզում, որ նա ամուսնացած է, իսկ նրա խանդոտ ամուսինը` Թենգոն, գտնվում է բանտում: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Սանդրոն Մանանայի հետ գնում է բանտում տեսակցելու Մանանայի ամուսնուն, իսկ Թենգոն նրան իր անձնական վարորդ է դարձնում:
Կոգուաշվիլու ֆիլմը երկու սիրող մարդկանց պատմություն է, որոնք ստիպված են հեռու մնալ իրարից:
Ի դեպ, վրացի ռեժիսորի 2010-ին էկրաններ բարձրացած ռեժիսորական դեբյուտը` «Դասից փախչողները» լավ էր ընդունվել կինոքննադատների կողմից եւ մի քանի մրցանակներ էր ստացել:











