Հունվարի 31-ի երեկոյան, մինչեւ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, քաղաքացիները Երեւանի Արցախի փողոցում բռնել են 40-անց կնոջ վրա ավազակային հարձակում գործած 34-ամյա, մշտական բնակության վայր և աշխատանք չունեցող քաղաքացուն:

«Մոտեցա կնոջը, հետեւից հարվածեցի, ընկավ գետնին, ես այդ ժամանակ ասեցի՝ տուր հեռախոսդ և պայուսակդ, ինքը չէր տալիս, ասեցի՝ եթե չտաս, կսպանեմ»,- ոստիկանության Էրեբունու բաժնում պատմեց ձերբակալված Համլետ Խաչատրյանը` ասելով, որ կնոջը սպանելու նպատակ չի ունեցել:

34-ամյա Համլետը պատմեց, որ խլելով կնոջ պայուսակը, փորձել է փախչել, սակայն իրեն բռնել են կնոջ ձայնի վրա օգնության հասած քաղաքացիները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է: