Ռեժիսոր Արշակ Զաքարյանի համար անհասկանալի է աղմուկը, որը բարձրացել է դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի նոր «Նիմֆոմանուհին» ֆիլմի առաջին մասի երեւանյան ցուցադրության շուրջ, որը «Սինեմա Սթար» կինոթատրոնը ցուցադրությունից հանեց ինչ-որ կազմակերպությունների եւ անհատների բողոքի պատճառով։
«Ինչի՞ է պետք այսպիսի աղմուկ բարձրացնել մի ֆիլմի համար, որը, ինչպես ինձ ասացին, պոռնոգրաֆիկ ֆիլմ չէ, այլ դրամա` բաց տեսարաններով: Ես համոզված եմ, որ նույն պոռնո որոնողներն են ֆիլմի դեմ ամենաբարձրը ոռնում համացանցում: Վստահ եմ՝ եթե ֆիլմը տեղադրվի ինտերնետում, ապա նույն գոռացողները առաջին հերթին են ֆիլմը ներբեռնելու ու նայելու: Սա հերթական պոպուլիզմի ձեւ է»,- NEWS.am-ի զրույցում հետ ասաց ռեժիսորը:
Չնայած ռեժիսորը դեռ ծանոթ չէ ֆիլմին, նրա կարծիքով` համացանցի այսպիսի տարածման պայմաններում «դրամա» ժանրի ֆիլմի ցուցադրությունն արգելելը կամ չեղյալ հայտարարելն ուղղակի անիմաստ է:
«Պոռնոգրաֆիկ ֆիլմերն առանց տարիքային սահմանափակման առկա են համացանցում: Նույնիսկ եթե երեխան ուզենա մուլտֆիլմ նայել, նույն այդ կայքում կարող են հայտնվել պոռնոգրաֆիկ ֆիլմերի գովազդներ, իսկ երեխան հեշտությամբ կարող է դրանք նայել»,- ասաց ռեժիսորը ու հավելեց. «Ինչո՞ւ չենք բոյկոտում այն հայկական ֆիլմերը, որոնց գովաբանում են թուրքերին: Մեր արցախյան հերոսամարտը դեռ ամբողջովին չլուսաբանած, հայ ռեժիսորները շտապում են այնպիսի ֆիլմեր նկարել, որոնցում ասում են` տեսեք` ինչ լավն են թուրքերը, ինչ բարի են: Պետք չէ արգելել այնպիսի ֆիլմերի ցուցադրումը, որոնք ազգային անվտանգությանը չեն սպառնում, իսկ վերցնել ինչ-որ դրամայի ցուցադրումն արգելել: Դա ինձ համար ուղղակի ծիծաղելի է»:











