Գյումրու քաղաքապետարանը ոչ թե 5 մլն, այլ 50 միլիոն դրամ պետք է հատկացներ «Վերածնունդ միջազգային 6-րդ»  փառատոնի անցկացման ծախսերի համար։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողներին ասաց փառատոնի կազմկոմիտեի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը՝ անդրադառնալով հիմնադրամին քաղաքի բյուջեից հատկացված գումարի առնչությամբ դժգոհություններին։ Հիշեցնենք, որ փառատոնի համանախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը:

Աշոտ Պետրոսյանի կարծիքով՝ համայնքն ուղղակի պարտավոր է աջակցել իր հարկի տակ իրականացվող նմանատիպ միջոցառումների անցկացմանը:

«Այսքան տարի համայնքային իշխանությունները ոչ մի ներդրում չեն ունեցել փառատոնի անցկացման գործում», - ասել է նա՝ նկատելով, որ ՀՀ մշակույթի նախարությունը «բյուջեի սուղ լինելու պատճառով նախորդ տարվա համեմատ 100.000 դրամով կրճատել է փառատոնին հատկացվող օգնությունը՝ 4 մլն դրամի փոխարեն հատկացնելով 3 մլն 900 հազար դրամ»։

«Եթե մայրաքաղաքում նման միջոցառում անցկացվեր , ֆինանսական խնդիր հաստատ չէր լինի,  անգամ ԱԺ պատգամավորները գումարներ կհատկացնեին, իսկ այս փառատոնին անգամ համայնքը մասնակցություն չի ունեցել, էլ ուր մնաց ներդրում ունենար»,- վրդովված նկատել է կազմկոմիտեի փոխնախագահը:

Նրա խոսքով՝ ֆինասական խնդիրները տարեցտարի ավելանում են՝ փառատոնի մասնակից երկրների թվի աճին զուգահեռ։

Այս տարի փառատոնին մասնակցելու է 2700 երաժիշտ-կատարող 33 երկրից՝ նախորդ տարվա 2500-ի փոխարեն: Մրցույթն անցկացվելու է 11 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Հաղթողները կարժանանան 1000 ԱՄՆ դոլարական պարգեւավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները կարժանանան մեդալների, դիպլոմների: Փառատոնն այս տարի կմեկնարկի ապրիլի 10-ին, իսկ գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին: