Ոստիկանությունը հաղորդում է, որ հունվարի 26-ին` ժամը 4:50-ի սահմաններում, ոստիկանները ապօրինի թմրանյութեր պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Հրազդանի 25-ամյա բնակիչ Կարեն Սուկոսյանին:

Կարեն Սուկոսյանը գիշերվա ուշ ժամին Հրազդան քրեակատարողական հիմնարկի մոտից փորձել է ներնետման միջոցով թմրամիջոցներ փոխանցել դատապարտյալներին:

Ոստիկանները Կարենի մոտից հայտնաբերել են B8 դաջվածքով 1,3գ ընդհանուր քաշով երկու հաբ ու 1գ սպիտակավուն փոշենման զանգված:

Դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածները «բուպրենորֆին» և «կոկային» տեսակի թմրամիջոցներ են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ  քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված Կարեն Սուկոսյանը կալանավորված է: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: