Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2013թ. ծառայության ժամանակ սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստն այսօր՝ փետրվարի 12-ին, կրկին ուղեկցվեց սկանդալով։
Զինծառայողի մոր՝ Լուիզա Ստեփանյանի, հոր` Իշխան Ստեփանյանի եւ Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջև թեժ լեզվակռիվ սկսվեց, ինչից հետո դատական կարգադրիչները դահլիճից հեռացրին Իշխան Ստեփանյանին:
«Թող տարբերեն այս դատերը մյուս դատերից, այս դատը պիտի շուտ հանգուցալուծում ստանա, այսպես հետաձգելով ես չեմ դիմանա»,-ասաց Լուիզա Ստեփանյանը` անդրադառնալով ուշանալու պատճառների վերաբերյալ պաշտպան Երեմ Սարգսյանի բացատրություններին։
Հիշեցնենք, որ փաստաբանը նախ տեղեկացրել էր, որ նիստին չի կարող ներկայանալ, բայց դատական նիստը հետաձգելու որոշումը վրդովեցրել էր սպանված զինծառայողի հորը, որը սպառնացել էր համագյուղացիների հետ փակել Սեւանի ճանապարհը, ինչից հետո դատարանը որոշել էր երկու ժամ ուշացումով, այնուամենյանիվ, սկսել դատական նիստը։
Նիստի ընթացքում Իշխան Ստեփանյանը հունից դուրս գալով ասաց, որ բոլորը խաբում են իրեն, և պահանջեց, որ մեղադրյալը խոսի:
«Պատասխան տուր, հիմար, պատասխան տուր, մայր ա, պատասխան տուր կեղտոտ»,-բղավեց Իշխան Ստեփանյանը, ինչից հետո դատական կարգադրիչները նրան դահլիճից հեռացրին:
Լյուքս Ստեփանյանի մայրն էլ հայտարարեց. «Թուրքի կրակոցով չի գնացել իմ տղան, հասկացեք ինձ, ինչի՞ են ուզում սրանով հասնել: Ամբաստանյալն իմ համար թուրք ա»:
Մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը փորձեց հայտարարարություն անել, ինչն ընդհատվեց դահլիճում դժգոհություններով, Սարգսյանը զգուշացրեց «ձայները կտրել իր խոսելու ժամանակ», ինչին Լյուքս Ստեփանյանի եղբայրը` Ալիկ Ստեփանյանը պատասխանեց. «Դու պիտի ասե՞ս, ձենդ կտրի, այ ոչխար, թուլա»:
Այնուհետեւ Երեմ Սարգսյանն ասաց, որ այդ կերպ փորձ է արվում պաշտպանական կողմի վրա ճնշումներ գործադրել. «Ի գիտություն բոլորիդ ասում եմ, որ որեւէ արդյունքի այս ամենով չեք հասնելու, մենք մեր գործողությունները օրենքով սահմանված կարգով շարունակելու ենք իրականացնել: Ժամուկեսում հասել եմ Իջեւան իմ կյանքը վտանգելով, ինչ ա՝ դուք էստեղ սպասում եք»,-ասաց պաշտպանը, ինչին Լուիզա Ստեփանյանը պատասխանեց, որ նա պարտավոր է «յուղը ձեռքից թափելով ներկայանալ»:
Դիմելով դատավորին՝ Լուիզա Ստեփանյանն ասաց, որ իր կյանքը խորտակված է, ինքը կորցնելու ոչինչ չունի. «Ցանկացած պահի դանակը փորը կխրեմ»:
Երեմ Սարգսյանն էլ Լուիզա Ստեփանյանին ասաց, որ իր ամուսնուն փոխանցի՝ մյուս անգամ չփորձի իր վիշտը շահարկելով իրեն վիրավորել:
Նիստի ավարտից հետո որդու նկարը ձեռքին Լյուքսի մայրը մոտեցավ մեղադրյալին։ «Թքեմ երեսիդ, նենց էլ նստել, անմեղ հայացքով նայում է աչքերիս մեջ։ Ինչի՞ եք նստացրել, ի՞նչ արժանիք ունի: Թուրք ա թուրք, Ռամիլ Սաֆարովն ա մարդասպան»,- ասաց Լյուքս Ստեփանյանի մայրը, իսկ նրա ամուսինը ավելացրեց. «Մեռի, մեռի, կեղտոտ շուն»:
Նիստի ընթացքում հարցաքննվեցին Լյուքս Ստեփանյանի երկու հրամանատարներն ու երկու զինծառայողները։ Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց երկու շաբաթ հետո։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստն անցնել է լեփ-լեցուն դահլիճում: Լյուքս Ստեփանյանի հարազատներից շատերն էլ ամբողջ ընթացքում կանգնած են եղել դատարանի միջանցքում և դրսում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանավորված է:











