Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններն այսօր՝ փետրվարի 12-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ կրկնակի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արթուր Մկրտչյանին՝ հայտարարելով, որ դատավորը չի ծանոթացել գործի նյութերին և չի կարող անաչառ լինել։

«Քրեական գործով դատական քննություն նշանակելու մասին որոշումը դատարանը կայացրել է փետրվարի 1-ին, որի մեջ նշել է, որ անփոփոխ է թողնում ստորագրությամբ չհեռանալու վերաբերյալ խափանման միջոցը, այնինչ խափանման միջոցն արդեն գոյություն չուներ: Դուք գործի նյութերին պարզապես չեք ցանկացել ծանոթացել, հարգելի դատարան: Եթե ծանոթացած լինեիք, գոնե պետք է տեսած լինեիք, որ խափանման միջոցը վերացված է»,- առաջին ինքնաբացարկի մասին ասաց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ դատարանը իրավախախտում է թույլ տվել՝որոշման մեջ նշելով, որ գործում չկան էական խախտումներ, և որ վարույթը ենթակա չէ կարճման:

Նշենք, որ ՀՔԾ քննիչ Լևոն Մելքոնյանը նոյեմբերի 7-ին որոշում էր կայացրել խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Կիվիրյանի փաստաբանը բողոքարկել էր որոշումը, և դատախազի ցուցումի հիման վրա քննիչը վերացրել էր այն:

Դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը եւ պատասխանող կողմին ներկայացրեց փետրվարի 10-ին իր կայացրած որոշումը՝ փետրվարի 1-ի որոշման մեջ անճշտությունները վերացնելու մասին։ Կիվիրյանի փաստաբանները դատարանին խնդրեցին տրամադրել անճշտությունների վերաբերյալ որոշման արձանագրությունը կրիչի տեսքով: Դատարանը պարզ թղթային արձանագրության տեսքով տրամադրեց այն միայն այն բանից հետո, երբ Կիվիրյանի փաստաբաններն ասացին, որ իրենք այդ որոշմանը ծանոթանալուց հետո հնարավոր է՝ նոր բացարկ հայտնեն:

Երբ պաշտպանները պնդեցին, որ դատարանն իրենց տրամադրի ձայնագրությունը, ոչ թե գրավոր արձանագրությունը, դատավոր Արթուր Մկրտչյանը բարկացավ եւ 10 րոպե ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո պատասխանող կողմը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, այս անգամ՝ այն հիմքով, որ փաստորեն փետրվարի 10-ին դատավորը նիստ է անցկացրել միայնակ՝ քարտուղարի հետ, առանց պատասխանող եւ մեղադրող կողմերի ներկայության։

«Դուք իրավունք չունեիք դատական նիստ հրավիրել առանց մեղադրողի, ամբաստանյալի, պաշտպանների: Եթե գումարել եք նիստ, նիստին պետք է ներկա գտնվեին պատասխանող և հայցվոր կողմերը»,- միջնորդության վերաբերյալ ասաց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Պաշտպանական կողմը, անճշտությունների վերացման մասին որոշմանը ծանոթանալուց հետո նշեց, որ ըստ էության, դատավորը չի վերացրել վրիպակները եւ չի հստակեցրել որոշումը: «Խափանման միջոց կալանքը կրկին մնացել է անփոփոխ»,- ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը, որի խոսքը դատավորն անընդհատ ընդհատում էր:

«Դուք անընդհատ ընդհատում եք Լուսինեին: Մենք չենք կարող ձեզ հետ այսպես աշխատել»,- վրդովմունքով հայտարարեց պաշտպան Ռուբեն Սահակյանը:

Արգիշտի Կիվիրյանն էլ միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց. «Մենք ձեզ տալիս ենք ունիվերսալ հնարավորություն այս միջնորդությունը բավարարելու և գործից դուրս գալու համար: Դուք քննությունը կատարել եք օրենսդրական խախտումներով, որոնք գնալով ավելի ու ավելի են խորանում»:

Դատարանը հեռացավ նոր միջնորդությունը քննարկելու: Ընդմիջմանը NEWS.am-ի հարցին, թե օրենքի որ կետով է սահմանված առանց կողմերի ներկայության դատական նիստ հրավիրելու թույլատրելիությունը՝ գործով դատախազ Արթուր Երիցյանը պատասխանեց. «Ես անհրաժեշտություն չեմ գտնում ընթերցելու այդ նորմը: Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել»:

Ինքնաբացարկի այս միջնորդությունը դատարանը նույնպես մերժեց՝ նշելով, որ միջնորդության համար բավարար հիմքեր չներկայացվեցին: Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 շենքի բնակիչներին աջակցություն հայտնած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, թե տեղի ունեցած ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

2013թ. նոյեմբերի 7-ին Կիվիրյանի դեմ ՀՔԾ-ն ներկայացեց եւս մեկ մեղադրանք՝ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հանցագործության մասին սուտ մատնություն, որը հունվարի 13-ին հանվեց, Ա. Կիվիրյանին առաջարկվեց համաներում, որից նա հրաժարվեց: Սա քրեական գործով առաջին դատական նիստն էր: