Այսօր՝ փետրվարի 12-ին, թռուցիկներ բաժանելու ժամանակ բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստներն ազատ արձակվեցին Ոստիկանության Կենտրոնականի բաժնից, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Նրանք շենքից դուրս են եկել Լեւոն Զուրաբյանի հետ միասին:

Ոստիկանության շենքի մոտ հավաքվածները՝ մոտ 50 մարդ, ակտիվիստներին դիմավորեցին ծափահարություններով եւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով:

Այստեղ են հավաքվել քաղաքացիներ, բերման ենթարկվածների ընկերները, մտերիմները, ՀԱԿ-ի անդամներ:

Բերման ենթարկվածներից լրագրող Անի Գեւորգյանը նշել է, որ ոստիկանության ներսում խլել են իր հեռախոսը եւ ոստիկաններից մեկն ապտակել է իրեն:

Բերման ենթարկվածների խոսքով, դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով :