Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 3 երկհարկանի, 4-րդ կարգի վթարային շենքերի 16 բնակիչներ այսօր՝ փետրվարի 13-ին, բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի կառավարությունից որեւէ մեկը հանդիպի իրենց՝ հայտարարելով, որ մինչեւ չստանան իրենց հուզող հարցերի պատասխանը, գործադիրիշենքի մոտից չեն հեռանա (ֆոտոռեպորտաժ

«25 տարի ա՝ ասում են, որ պիտի տեղափոխվենք, մեր շենքը վթարային ա, ահավոր  ա, էլ բնակության ենթակա չէ: 1988թ. երկրաշարժից հետո արդեն լրիվ բացվել ա, վրաններ տվեցին, բայց ինչքա՞ն պիտի ապրեին այդ վրաններում, նորից վերադարձան իրենց բնակարանները»,-ասաց շենքի բնակիչ Թամարա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ շենքը պանելային չէ, փայտից է, և երկրորդ հարկում քայլելիս հող է թափվում առաջին հարկում բնակվողների գլխին:

Բնակիչները պատմեցին, որ բազմիցս դիմել են մարզպետարան, եկել են կառավարություն, սակայն «գլխների տակ փափուկ բարձ են դրել և հետ ուղարկել»:

Նշենք, որ վթարային 3 շենքերում բնակվում է 29 ընտանիք:

«25 տարեկան տղա ունեմ, ում գնում եմ ուզելու, աղջիկ չեն տալիս: Գալիս շենքը տեսնում են, ասում են՝ ինչ աղջիկ տանք ձեզ, ոչ սանահանգույց ունեք, ոչ բաղնիք, ոչ մի բան»,-ասաց Զարուհի Հակոբյանը՝ նշելով որ նույնիսկ վառարան չեն կարողանում վառել, քանի որ ծուխը հարեւանների տունն է լցվում:

Բնակիչները դժգոհեցին, որ նույնիսկ տարրական հիգիենա ապահովելու պայմաններ չունեն. «Եթե մի հոգի ուզենա լողանա, տան տղամարդը պիտի տնից դուրս գա: Հիմա էս ո՞ր թիվն ա, տաշտերի մեջ լողանան, մեղա Աստծո»:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ 1988-ից դիմում են գրում մարզպետարան, սակայն ամեն տարի իրենց խաբում են:

«Մարզպետն ասում է ձեր գործերը ընթացքի մեջ ա, բայց գալիս ենք կառավարություն, ասում են՝ նման բան չկա»,-ասաց Լյովա Աբաջյանը՝ նշելով, որ խոստացել են 2014թ. իրենց հարցը լուծել:

Բնակիչները հայտարարեցին, որ չեն հեռանալու, մինչեւ նորմալ պատասխան չստանան։ «Որ գնալու ենք, շենքը փլվի, թող էստեղ զարկեն, սպանեն մեզ»,-ասաց շենքի բնակիչ Հմայակ Խաչատրյանը:

Բնակիչներին մոտ 1 ժամ կանգնելուց հետո բնակիչներին մոտեցավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, բնակիչներին ուղեկցեց ընդունարան, որտեղ նրանց լսելուց հետո խորհուրդ տվեց գնալ Տարածքային կառավարման նախարարություն:

«Նախարարությունում մեզ պատասխանեցին, որ 2 շաբաթից վերադառնանք, որ մեր հարցին պատասխանեն»,- հանդիպումից հետո NEWS.am-ին ասաց վթարային շենքի բնակիչ Հմայակ Խաչատրյանը՝ նշելով, որ եթե պատասխանն իրենց չգոհացնի, չեն վերադառնալու, մնալու են կառավարության մոտ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am