‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գեւորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան› Կարեն Անդրեասյանը:

«Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել եւս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են եւ խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:

Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ եւ համաչափ արձագանքն է։

Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից եւ ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ եւ բազմակողմանի քննությունը, ինչպես նաեւ դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը»,-ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում մարտի 1-ի մասին թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Վեճի ընթացքում բռնության է ենթարկվել լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինս ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին պատմել է, որ քաղաքացիական հագուստով մեկն իրեն հարվածել է եւ խլել իր ձեռքից հեռախոսը: «Այսինքն բռնություն է կիրառվել լրագրողի նկատմամբ»,- ասել է ՀԱԿ պատգամավորը:

Ոստիկանությունում արդեն պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ: Երիթշտթուի ղեկավար Կարեն Ավագյանի խոսքով՝ զարմանալի կլիներ, եթե իրենց կուսակցության անդամներն անտարբեր անցնեին այդ ամենի կողքով:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում բերման ենթարկված 12 քաղաքացիների գործով:

 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am