Երեկ՝ փետրվարի 12-ին Սարյան փողոցից բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը համացանցում տեղադրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ վիճաբանության մասին պատմող տեսանյութ:
Տեսանյութում պարզ երեւում է՝ ինչպես է ոստիկանը «Չորորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի ձեռքից խլել տեսախցիկը: ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանն ասաց, որ այդ ոստիկանը Վարդան Գեւորգյանն է՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի փոխոստիկանապետը:
Նշենք, որ ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանն ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ լրագրողի նկատմամբ բռնություն չի եղել, «զրպարտություն է»:
ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը պարտավոր է որպես հաղորդում ընդունել համացանցում եւ ԶԼՄ-ներում հայտնված յուրաքանչյուր տեսանյութ եւ հոդված:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության վարչությունից NEWS.am-ին ասացին, որ տեսանյութն ուսումնասիրվում է: Հարցին՝ արդյոք ծառայողական քննություն է նշանակվել, լրատվական բաժնին պատասխանեցին. «Այս պահին այսքանը: Լրացուցիչ կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում մարտի 1-ի մասին թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ: Երիթշտթուի ղեկավար Կարեն Ավագյանի խոսքով՝ զարմանալի կլիներ, եթե իրենց կուսակցության անդամներն անտարբեր անցնեին այդ ամենի կողքով:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում բերման ենթարկված 12 քաղաքացիների գործով:











