Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել, որտեղ բացահայտում է Աթենքից Երևան տեղափոխված Էդիկ Ոսկանյանի կատարած 20 տարվա վաղեմություն ունեցող սպանության մանրամասները:
Սպանությունը տեղի է ունեցել 1994թ. Լոռու մարզի Յաղդան գյուղում` Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի մոտ: Երկու քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ դանակահարությունը կատարել է Էդիկ Ոսկանյանը, որը դեպքից հետո դիմել է փախուստի: Նա վիճել է Միշա Շիրմազանյանի և Սամվել Ղազարյանի հետ ու դանակահարել նրանց:
1994թ. հունիսին Էդիկ Ոսկանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ոստիկանությունում տեղեկություներ են ստացվել, որ Էդիկ Ոսկանյանը մեկնել է Վրաստանի Հանրապետություն, այնտեղ այլ անձի տվյալներով նոր անձնագիր ձեռք բերել և մեկնել Հունաստան:
1999թ. հունիսին նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվել է միջազգային հետախուզում: 2013թ. հուլիսին ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հետախուզվողը թաքնվում է Հունաստանի Սերես քաղաքում:
ՀՀ իրավապահ մարմինները` համագործակցելով Հունաստանի ոստիկանության հետ, 2013թ. հուլիսի 1-ին Էդիկ Ոսկանյանին հայտաբերել և ձերբակալել են: 2014թ. փետրվարի 1-ին Էդիկ Ոսկանյանը բերման է ենթարկվել: Կասեցված քրեական գործով վարույթը վերսկսվել է և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը` երկու ամիս ժամանակով:
Էդիկ Ոսկանյանը ինքնախոստովանական ցուցմունքում պատմել է. «Երկու ղազը գողացել են, մորթել են, մորթին ինձ են տվել, միսը իրանք են կերել: Ղազից հետո իմ հորթի վզից տուկ թելով կապել են, գիշերը տարել են սարը, որ մորթեն ուտեն: Ես էլ միամիտ գնացի գտա: Որտեղ որ ղազերս մորթած գտել եմ, նույն վիճակում հորթն եմ գտել: Հորթս էլ հիվանդ էր, ասեցի` կարող ա մի տեղ վեր ընկած լինի` սատկելու վրա լինի, գոնե մորթեմ: Տնական դանակը ես վերցրել եմ հորթի պատճառով, ես դրանց ոչ ճանաչել եմ, ոչ բարև եմ տվել ,ոչ էլ հայհոյանք եմ տվել: Նրանք դեղամիջիցը խմած, նարկոտիներ ընդունած` 14 հոգի, երկուսը եկել են, իմ վրա հարձակվել, ուզեցել են ծակեն, խփեն, ես էլ էդ հորթի դանակով ինձ պաշտպանել եմ»։
Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











