Մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկելու եւ փետրվարի 12-ի երեկոյան թռուցիկներ բաժանող ՀԱԿ անդամներին, ակտիվիստներին ու լրագրողի բերման ենթարկած ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով այսօր՝ փետրվարի 14-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ հավաքվել են ՀԱԿ անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ։
Կինոթատրոնի մոտից նրանք երթով շարժվել են դեպի Մաշտոցի պուրակ, որտեղ NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, ելույթ է ունենալու լրագրող Թեհմինե Ենոքյանը, որը, հիշեցնենք, այսօր տարածել է տեղեկություն այն մասին, որ ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ է հնչեցնում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին՝ պահանջելով, որ լրագրողն իր անձնական էջից հանի Մարտի 1-ի թռուցիկների բաժանումը խոչընդոտած հանրապետականների լուսանկարները։ Լրագրողը տարածել է նաեւ սպառնալիքների սքրինշոթերը։
Ակցիային մասնակցում է նաեւ լրագրող Անի Գեւորգյանը, որը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել փետրվարի 12-ին ոստիկանի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ, քանի որ կարծում է, որ լրատվամիջոցներով տարածված իր հարցազրույցները ոստիկանությունը պարտավոր է ընդունել որպես հաղորդում եւ հետաքննություն սկսել։
«Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս թռուցիկների բովանդակությունը, դա չի նշանակում, որ պետք է խոչընդոտեն դրանց տարածմանը։ Թռուցիկների բովանդակությամբ պետք է զբաղվեն ոստիկանները, ոչ թե Սաքուլիկներին քսի տան թռուցիկ բաժանողների վրա»,- Մաշտոցի պուրակում հայտարարեց ակցիային մասնակից Արթուր Գրիգորյանը՝ նկատի ունենալով թռուցիկների բաժանման ժամանակ սադրանք հրահրած ՀՀԿ-ականներին։
Ակցիային մասնակցում են նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։















