Ուղեւորային հին համալիրը քանդելու խնդիր չէր առաջանա, եթե ժամանակին կոնցեսիոները պատշաճ կերպով կատարեր պայմանագրով սահմանված շենքի պահպանման իր պարտավորությունները։ Փետրվարի 14-ին կայացած քննարկման ժամանակ այսպիսի դիրքորոշում հայտնեցին ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Արհատ Պետրոսյանը, Զոհրաբ Բաուերը եւ արվեստաբան Ռուբեն Արեւշատյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության վարչության անդամ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնված «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդել-չքանդելու խնդիրը երկարատեւ գործընթաց է, եւ վերջնական որոշումը պետք է կայացվի տարբեր մասնագիտական քննարկումների արդյունքում։

Զուգահեռներ տանելով «Փակ շուկայի» եւ «Զվարթնոցի» հին մասնաշենքի միջեւ` ճարտարապետը նշեց, որ չնայած երկու դեպքում էլ հանրային ուշադրությունը շատ մեծ է, սակայն կան մի քանի տարբերություններ:

«Քանի որ այս դեպքում էականորեն այլ տեսակի ներդրողի հետ գործ ունենք, ապա պետք է մի քիչ այլ տակտիկա ընդունել եւ փորձել գտնել այլընտրանքային լուծումներ: Մեր բախտը շատ է բերել, որ Սամվել Ալեքսանյանի փոխարեն գործ ունենք Էդուարդո Էռնեկյանի հետ»,- նշեց ճարտարապետը` հավելելով, որ իրավական տեսանկյունից նույնպես «Զվարթնոցի» հին շենքի պահպանումն ավելի հեշտ է, քան «Փակ շուկայի» դեպքում է եղել:

Այն հարցին, թե որն է պատճառը, որ տարբեր աղմուկ հանած քաղաքաշինական գործընթացներում Ճարտարապետների միության կարծիքը գրեթե հաշվի չի առնվում, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ճարտարապետների միությունը եթե համեմատենք մյուս ստեղծագործական միությունների հետ, ես չէի ասի, որ դերը չի երեւում: Խնդիրը կայանում է նրանում, որ հանրային կառավարման մակարդակում Ճարտարապետների միությունը չունի իրավական այն դերը, որպեսզի կարողանա ինքը հանդես գալ ավելին, քան հասարակական կազմակերպություն: ճարտարապետների միության ձայնը լսվում է այնքանով, որքանով որ լսվում է: Այստեղ միության հանրային դերն է, որ պետք է ունենա օրենքի ուժ: Այսօր կարծես թե կա այն գիտակցությունը, որ իր նախկին կարգավիճակով Ճարտարապետների միությունը չի կարող ունենալ համապատասխան ազդեցություն»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2013թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկել ու հավանության է արժանացրել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը, որտեղ նաեւ ներառված է «Զվարթնոց»  օդանավակայանի հին շենքի քանդման գործընթացը: Միաժամանակ, կառավարության նիստին ՀՀ վարչապետը թե կոնցեսիոներին, թե քաղաքացիական ավիացիայի վարչությանն առաջարկել է մասնագիտական շրջանակներում քննարկել այս հարցը: