Սուրբ Սարգիս եկեղեցու բակում այսօր` փետրվարի 14-ին, մոտ մեկ տասնյակ կանայք փորձում էին աղաբլիթ եւ մոմ վաճառել, ինչը խոչընդոտում էին ոստիկանները:

«Ի՞նչ ենք արել, ինչի՞ չեք թողնում, տենց օրենք չկա»,- վրդովված ասաց աղաբլիթ վաճառող կանանցից մեկը, որին ոստիկանը փորձում էր հեռացնել եկեղեցու հարակից տարածքից:

«Աղի բլիթ ենք վաճառում, որ ջահելները առնեն, ուտեն, պսակվեն, երջանկացնում ենք մարդկանց, իսկ տեր հայրը չի թողնում, ասում ա՝ օրենք չի: 100 տարվա պապենական բլիթը չի թողնում, ասա` ոնց անենք»,- դժգոհեց աղաբլիթ վաճառող Զոյա Այվազյանը:

Տիկին Զոյան ասաց, որ իր ձեռքի վիրահատության համար 300 հազար դրամ է հարկավոր, այդ պատճառով  էլ աղաբլիթ է վաճառում. «Տեր Շահենը 300 հազար դրամ եթե տա, տանեմ, ես իմ վիրահատությունը անեմ, աղաբլիթները սենց կթողեմ, կգնամ, թե չէ, պիտի թողնի՝ ես իմ հոժար կամքով վիրահատության փող աշխատեմ»:

Եկեղեցու տարածքը հսկող ոստիկանները տիին Զոյային վստահեցրին, որ Տեր Շահենը կապ չունի եկեղեցու մոտ աղաբլիթ վաճառելը արգելելու հետ եւ բացատրեցին, որ չի կարելի եկեղեցու մոտ կանգնել եւ «հարձակվել» մարդկանց վրա, որպեսզի աղաբլիթ գնեն: NEWS.am-ի հարցին ոստիկանները պատասխանեցին, որ եկեղեցական կանոնագիրքն է արգելում եկեղեցու տարածքում վաճառքը։ Դիտարկմանը, որ բոլոր տոներին էլ այդ տարածքում վաճառվում են տոնի խորհրդանիշներ, ոստիկաններն ասացին, որ այս տարի արգելվում է։

«Հիմա մեր Քանաքեռում, որ մեռել չբերեին, չդնեին, կկանգնեի էնտեղ»,- ասաց Զոյա Այվազյանը, ինչին ոստիկանները պատասխանեցին, որ իրենք Քանաքեռի ու մեռելի հետ գործ չունեն:

Սուրբ Սարգիս Զորավար տոնին կանայք աղաբլիթը վաճառում էին 50 դրամով, իսկ ավելի ճարպիկները՝ 100 դրամով:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է և նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգիս Զորավարի օրը այս տարի նշում են փետրվարի 15-ին։