Ոստիկանությունը հաղորդում է, որ փետրվարի 10-ին` 13:30-ին, խարդախության կասկածանքով Պարոնյան փողոցից բերման է ենթարկել 1959թ. ծնված Պողոս Խաչատրյանը, որը քաղաքացիների վստահությունը չարաշահելով գումարներ է վերցրել` նրանց որդիների զինծառայության հարցերը կարգավորելու համար:
Պողոս Խաչատրյանը խոստովանել է, որ մի քաղաքացուց 500 ԱՄՆ դոլար է վերցրել, որը, իր խոսքով, իրավաբանական ծառայությունների դիմաց վճար է եղել:
«Ես իրա հետ ունեմ լիազորագիր` իրեն իրավաբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Իմ կազմակերպությունը բարեգործական է»,- ոստիկաններին ասել է Պողոս Խաչատրյանը:
Ոստիկանների այն հարցին, թե որ հասցեում է գրանցված Պողոս Խաչատրյանի բարեգործական գրասենյակը, նա պատասխանել է, որ ֆինանսական դժվարությունների հետ կապված` կոնկրետ հասցե չունի, իսկ իր ծառայություններից օգտվողների հետ փողոցում է հանդիպել:
«Ինքը ներկայացրել ա, որ կազմակերպություն ունի, որը զբաղվում ա նախկին զինվորականներին աշխատանքի վերականգնելու և թոշակավորվելու հարցերով»,- ոստիկաններին պատմել է տուժողը:
Պողոս Խաչատրյանը տուժողին նաև ասել է, որ ինքը կարող է նրան օգնել, որ տուժողի որդին ծառայի Երանում, և իր օգնության դիմաց 500 դոլար է վերցրել։
Դեկտեմբերի 4-ին տուժողի որդին զորակոչվել է բանակ և հասկանալով, որ Պողոս Խաչատրյանն իրեն խաբել է, քաղաքացին իր գումարը հետ է պահանջել, բայց ապարդյուն:
Ոստիկանությունը հիմնավոր կասկածներ ունի, որ Պողոս Խաչատրյանի իրավաբանական ծառայություններից կամ խորհուրդներից տուժել են նաև այլ քաղաքացիներ, որոնք կարող են դիմել Ոստիկանության կենտրոնականի կամ մոտակա բաժին:
Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











