«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում կայացրեց 7-րդ համարգումարի աշխատանքներն ավարտել մեկ նիստով (ֆոտոռեպորտաժ)։ Լրագրողների հետ ճեպազրույցից հետո էլ կայացավ նորընտիր քաղխորհրդի նիստը։ Իսկ մինչ այդ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երեկ Քաղաքաշինության նախարարությունում նեղացած ուժերի մասին հնչեցրած կարծիքին, ասաց հետեւյալը։ «Նախագահի այդ ելույթի մեջ վտանգավոր եզրեր եմ տեսնում, սահմանարար գիծ են դնում մերի եւ ձերի միջեւ, մինչդեռ այսօր երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն խնդիրների առջեւ, որ մեզ անհրաժեշտ է հնարավորինս լայն համախմբում խնդիրները լուծելու համար։ ԲՀԿ-ն խոսում է փաստերով, ներկայացնում է այն, ինչ կա, ցավում եմ, որ իրականությունը այնպիսի է, որ պոզիտիվ ածականներով այն նկարագրել հնարավոր չէ»- նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այսօր ԵԿՄ համագումարում հնչեցրած ելույթին, որտեղ նա դրական լուսյի ներքո է ներկայացել կուտակային պարտադիր համակարգը։ ԲՀԿ խմբակցության քարտուղարը շեշտեց, որ «սոցիալական այս պայմաներում նման բաղադրիչ ներդնելը ուղղակիորեն անթույլատրելի է, պարտադիր բաղադրիչի կիրառումը բերել եւ բերելու է սոցիալական լարվածության, նման ցավագին ռեֆորմի կարող է գնալ այն կառավարությունը, որը ունի վստահության ռեսուրս եւ չի տապալել իր նախորդ տարիների խոստումները, ծրագրերը, այս կառավարությունը բարոյական եւ պրոֆեսիոնալ իրավունք չուներ նման ռեֆորմի գնալու»։











