Սուրբ Սարգիս Զորավարի տոնի կապակցությամբ այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի ունեցավ խաչապտույտ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների այգի՝ խաչով, Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորով, խաչվառով, մեծ թվով հոգեւորականների եւ Մալաթիայի հայորդաց տան թմբկահարների ուղեկցությամբ (ֆոտոռեպորտաժ)։
Խաչերթից առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի բերվեցին Սուրբ Սարգսի մասունքը, Մատենադարանից՝ Ավետիս Երեցի կողմից գրված ավետարանը, իսկ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը մատուցեց պատարագ՝ օրհնելով բոլոր երիտասարդներին սիրո տոնի կապակցությամբ։
Հարյուրավոր երիտասարդներ Արարատյան թեմի երիտասարդաց միություններից, ինչպես նաեւ Ոստիկանության ակադեմիայի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, քաղաքացիներ «Սիրո ուժն է անհաղթ», «Աստված սեր է», «Սիրո գործն անպարտ է», «Աստված լույս է, քայլենք լույսի մեջ» գրությամբ պաստառներով Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով ոստիկանների ուղեկցությամբ քայլեցին դեպի Սիրահարների այգի, որտեղ էլ տեղադրեցին խաչը։
Սիրահարների այգում տեղի ունեցավ «Ռեինկարնիացիա» խմբի համերգը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Անդրանիկ Մարգարյանը, Տեր Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և այլ բարձրաստիճան հոգեւորականներ։
«Խաչերթի նպատակն է համախմբել երիտասարդներին, նրանց մեջ արմատացնել Սուրբ Սարգսի տոնը, ճանաչելի դարձնել տոնի խորհրդանիշերը։ Շատերը Վալենտինի տոնն են նշում, սակայն մեր նպատակն է երկրորդ պլան մղել այդ տոնը և արժեւորել մեր սեփական տոնը»,-NEWS.am-ին ասաց Արարատյան թեմի Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց թեւի ատենապետ Հասմիկ Միրզոյանը։
Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:











