Ոստիկանությունը հաղորդում է, որ փետրվարի 7-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող գրավատան մոտից բերման է ենթարկվել 27-ամյա Գրիգոր Յազիչյանը, որը գրավատանը կեղծ ոսկի է գրավադրել` ստանալով 230 հազար դրամ:

Գրիգոր Յազիչյանի մոտից ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են 4 հատ կեղծ ոսկյա զարդ, որոնք Գրիգորի խոստովանությամբ, պատրաստել է ինքը արծաթի և ոսկու համաձուլվածքից ու որպես ոսկյա զարդեր իրացրել Աբովյան և Երևան քաղաքներում գործող տարբեր գրավատներում:

Գրիգորը Մալաթիայի Ոսկու շուկայում զբաղվել է  ոսկերչությամբ: Նա եղել է անհատ ձեռներեց:

«Իմ արհեստանոցում եմ պատրաստել: Կեսը ոսկի էր, կեսը արծաթ»,- ոստիկաններին ասել է Գրիգորը:

Ոստիկաններին հաջողվել է նաև պարզել, որ Գրիգորը երկու այլ գրավատներում ևս կեղծ ոսկի է գրավադրել` ստանալով 728 հազար դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով: Գրիգոր Յազիչյանը կալանավորված է:

Ոստիկանությունը հիմնավոր կասկածներ ունի, որ Գրիգոր Յազիչյանի գործողությունների հետևանքով կարող են այլ տուժողներ էլ լինել, որոնք կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: