Քաղաքացու հետ շփվելիս տեսուչը ծխում է, հետը խոսում է առանց մեքենայից իջնելու: Այս մասին նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ ասվում է.
«Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլեւս չի հանդուրժվելու նույնիսկ որեւէ զանցանք: Դեռեւս 2013 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ ծառայողական քննություն էր իրականացվել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչներ Գեւորգ Ասլանյանի եւ Հայկ Հարությունյանի նկատմամբ:
Քննության արդյունքով Ասլանյանը ենթարկվել էր կարգապահական տույժի` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ տված վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չկազմելու համար: Սա միակ թերացումը չէր. բնակչության մեջ որոշակի դժգոհություններ կան այս ծառայության գործունեության նկատմամբ, եւ բոլորովին պատահական չէր ոստիկանության պետի խիստ ու վերջնագրային ցուցումը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը: Ու չեղավ: 2014 թվականի փետրվարի 13-ին կրկին ուսումնասիրվեց Գեւորգ Ասլանյանի եւ Հայկ Հարությունյանի համատեղ ծառայությունը, ու պարզ երեւաց, որ տեսուչները, մեղմ ասած, հետեւություններ չեն արել:
Ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեցված է երկրորդ շարքում, քաղաքացին նստում է ծառայողական մեքենան: Երկրորդ շարքում են կանգնած եւ ոստիկանության, եւ քաղաքացու մեքենաները, տեսուչը ծառայությունն իրականացնում է առանց գլխարկի: Քաղաքացու հետ շփվելիս տեսուչը ծխում է, հետը խոսում է առանց մեքենայից իջնելու: Դարձյալ` առանց գլխարկի: Մութն ընկնելուց հետո ծառայությունն իրականացնում է առանց լուսային բաճկոնի, քաղաքացին այստեղ էլ անարգել նստում է ծառայողական մեքենան: Ամենատարածված խախտումներից մեկն էլ, որը միայն այս տեսուչներին չի վերաբերում, քաղաքացիների հետ երկար-բարակ, անհարկի պարզաբանումներն են: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ տեսուչները չեն գրանցում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Իսկ թե ինչու չեն գրանցում` կպարզի իրականացվող ծառայողական քննությունը: Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գեւորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում: Նշենք նաեւ, որ քաղաքացու դիմումի կապակցությամբ նույն տեսուչների նկատմամբ ստուգում է իրականացվում նաեւ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնում: Ճանապարհային ոստիկանության ծառայության որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումները շարունակվում են»:











