ՀՀՇ-ի պոռոտախոսներն ասում են, թե իրենք են կազմակերպել 88-ի առաջին հանրահավաքները, մինչդեռ առաջինը ԱԻՄ-ն է հավաքել մարդկանց։ Այս մասին փետրվարի 18-ին NEWS.am-ին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որի ղեկավարած կուսակցության անդամներն այսօր մի շարք միջոցառումներով նշում են ԱԻՄ-ականների երդման օրը։
«Առաջին հանրահավաքները կազմակերպել է ԱԻՄ-ը, այսպես կոչված՝ Արցախյան շարժման, որը եղել է ինքնորոշման շարժում»,- ասաց Հայրիկյանը:
1988թ. ԱԻՄ-ն իր իր առաջին հրապարակային հավաքը՝ հանուն ինքնորոշման անցկացրել է Գառնիում։ Այսօր կրկին ԱԻՄ-ականները մեկնել են Գառնի։ Իսկ մինչեւ այդ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանք տուրք մատուցելու ԱԻՄ հիմնադիրներից Մովսես Գորգիսյան հիշատակին:
«Այս օրը հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օր է, 1921թ. փետրվարին ժողովուրդը, հակադրվելով բոլշեւիկյան բռնապետերին, ապստամբեց եւ բոլշեւիկներին քշեց Հայաստանից, ու փետրվարի 18-ին ազատագրեց Երեւանը: Հետո դա դարձավ մեզ համար փարոս»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
1969թ. փետրվարի 18-ին ԱԻՄ-ականները երդվել են պայքարել ազատ ու անկախ Հայաստանի համար, բայց այսօր Մովսես Գորգիսյանի գերեզմանաքարի մոտ չերդվեցին: «Երդումից հրաժարվել եք, որովհետեւ երդումը պոռոտախոսության եւ ստախոսության դրսեւորում է, այսօր մենք ուղղակի ներկայանում ենք»,- ասաց Հայրիկյանը։
Ծիծեռակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո միավորման անդամները սկսեցին ավտոերթը. շրջեցին Երեւանի փողեցներում, հետո շարժվեցին դեպի Գառնի: Գառնիից ավտոերթը կվերադառնա Երեւան, որտեղ Ազատության հրապարակում ժամը 16։00-ին կսկսվի հանրահավաք, որին կհաջորդի քայլերթ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











