«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու դեկտեմբերի 18-ի որոշումից  հետո վարույթն իրականացնող մարմինը ոչ մի քննչական գործողություն չի կատարել, եւ հնարավոր է՝ կալանքը եւս մեկ կամ երկու ամսով երկարաձգվի: Այս մասին փետրվարի 19-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Երկարացումը կլինի անհիմն եւ անօրինական, որովհետեւ 4 ամիս է՝ Շանթ Հարությունյանը գտնվում է կալանքի տակ, ոչ մի գործողություն չեն կատարում:Միայն երեկ ինձ զանգեցին, հրավիրում էին առաջիկա երկու օրերին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ քննչական գործողություն կատարելու: Նախաքննության ավարտ էլ չեն հայտնում, որպեսզի պաշտպանական կողմն էլ հնարավորություն ունենա ծանոթանալ նյութերին եւ համապատասխան դիքորոշումներ հայտնել: Այս պահին մենք չենք տիրապետում քրեական գործի նյութերին ողջ ծավալով»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Շանթ Հարությունյանին այցելել է մեկ օր առաջ, նա բուժվում է.«Առողջական վիճակը նորմալ է, պահվում է մենակ, պայմաններից էլ գոհ է: Ուղղակի ինքն էլ սպասումների մեջ է»։