Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ պատմության ամեն մի ժամանակաշրջան ունի տվյալ շրջանը բնորոշող հուշարձաններ, որոնք ամեն կերպ պետք է պահպանել:
«Կանցնի մի որոշ ժամանակ ու կստացվի, որ օրինակ 20-րդ դարի երկրորդ կեսից մենք ինչ-որ բան չունենք, բայց իրականում ունեցել ենք ու քանդել: Կարծում եմ, որ ամեն ժամանակաշրջանի հիշատակները պարտավոր ենք պահել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետը:
Արդյոք խելամիտ որոշում է Վայոց ձորի «Մագիլի» քարանձավն զբոսաշրջության նպատակներով օգտագործելը հարցին հուշարձանագետը պատասխանեց.
«Ես շատ քարանձավներ եմ տեսել տարբեր տեղերում: Օրինակ Ժայթայի քարանձավը Լիբանանում, որը զբոսաշրջության իմաստով մեծ եկամուտ է ապահովում իր երկրին: Նման բնական հուշարձանները զբոսաշրջության համար մատչելի դարձնելու նորմերը պետք է խստագույնս հարգվեն եւ պահպանվեն: Եթե դրանք կիրառվեն, ինչու չէ: Բայց մենք վախենում ենք մեր հասարակությունից, որովհետեւ այնպիսի գիտակցական ընկած մակարդակում ենք ապրում, որ եթե մեկը մտնում է քարանձավ, ապա իր պարտքն է համարում այդ սալագնդերից մեկը ջարդի ու հետո դուրս գա: Այսինքն` մենք մեր հասարակությունը կրթելու խնդիր ունենք: Որովհետեւ մտածում ենք` եթե մտնենք, կավերենք»:
Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին ՀՀ մշակույթի նախարարությունը Վայոց ձորի «Մագիլի» քարանձավը զբոսաշրջության նպատակներով վարձակալելու մրցույթ էր հայտարարել: Մշակույթի նախարարության որոշումը վրդովմունք է առաջացրել բնապահպանների եւ կենսաբանների շրջանում: Մասնավորապես, բնապահպանները նշում են, որ «Մագիլի» քարանձավը «Կարմիր գրքում» գրանցած չղջիկների որոշ ցեղատեսակների ապրելատեղի է, եւ քարանձավը զբոսաշրջիկներին հասանելի դարձնելու դպեքում դրանք կարող են ոչնչանալ։











