Փետրվարի 17-ին` ժամը 12:30-ին, ոստիկանները բերման են ենթարկել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ 21-ամյա Հովսեփ Սիմոնյանին, որը նույն թաղամասում վիճաբանել է մի քաղաքացու հետ և նրան մարմնական վնասվածքներ պատճառել:

Ականատեսներից մեկը դանակահարությունից անմիջապես հետո իր մեքենայով տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Դեպքի օրը` ժամը 11:35-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից զանգահարել են Ոստիկանություն և հայտնել, որ ծակած կտրած վերքով հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ:

Իրավապահներին հաջողվել է բժշկական կենտրոնում պարզել, որ տուժողը բուժօգնության է դիմել Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով:

Ոստիկանները ճշտել են նաև վիճաբանության մյուս մասնակցի և մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը և նրան  բերման ենթարկել:

Հովսեփ Սիմոնյանը խոստովանել է, որ ինքը տուժողի հետ աշխատել է իրենց թաղամասում գործող բանջարեղենի խանութներում: Իրար երկար ժամանակ են ճանաչել, բայց ընդհանուր լեզու չեն կարողացել գտնել:

«Հա գնում գալիս էր` հայհոյանքով էր հետս խոսում: Ես իրան քանի անգամ զգուշացրեցի` արա, հետս հանգիստ խոսա: Էդ օրն էլ հետս նույն ձևի խոսաց, ներվերս էլ չհերիքեց` դանակով մի հատ խփեցի»,-  ոստիկաններին ասել է Հովսեփ Սիմոնյանը:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: