Ռուսաստանի Դաշնությունից երկու տարի առաջ վերադարձած Ռուզաննա Սիրունյանը ոչ մի կերպ չի կարողանում իր 3-ամյա որդուն տեղավորել Երեւանի մանկապարտեզներից որեւէ մեկում:
«Ես հայ եմ, իմ երեխան հայ ա, մենք վերադարձել ենք հայրենիք, ու էրեխուն չեն ընդունում մանկապարտեզ: Դիմել եմ 126 եւ 147 մանկապարտեզներին, ու երկու տեղում էլ մերժում եմ ստացել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ռուզաննան՝ նշելով, որ երկու մանկապարտեզներում էլ երեխային չեն ընդունել, քանի որ Ռուզաննան Երեւանում մշտական գրանցում չունի:
«Պատճառն էն ա, որ մենք մշտական գրանցում չունենք` մի տարվա գրանցում ունենք: Ես հարցրել եմ` հիմա ինչ, հիմնական գրանցման համար էրեխեն պե՞տք ա չգնա մանկապարտեզ: Տնօրենը պատասխանել է` հա, պետք ա չգնա»,- ասաց տիկին Ռուզաննան, որն ավարտել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանն ու այստեղ` Հայաստանում, աշխատանքի երկու առաջարկ է ստացել, բայց չի կարողանում գնալ աշխատանքի, քանի որ երեխային մենակ թողնել չի կարող:
«Շատ ցավոտ ա, որ ասում են՝ բոլորը գնում են Հայաստանից, եկել եմ ստեղ, ուզում եմ աշխատել, խնդիր ա առաջանում, որ էրեխուն չեմ կարա ուղարկեմ մանկապարտեզ: Ախր մենք հայ ենք, մենք ուրիշ ազգ չենք, բայց էրեխուն չեն ընդունում»,- ասաց նա։
Քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում ազատ տեղեր չկան, եւ որ նույնիսկ մարզերից մայրաքաղաք եկած ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին տեղավորել Երեւանի մանկապարտեզներում:
«Իմ չորս տարեկան երեխայի համար նույնպես ազատ տեղ չկա մանկապարտեզում։ Ռուզաննայի միակ տարբերակը երեխային մասնավոր մանկապարտեզ տանելն է»,- ասաց նա:
Այն հարցին, թե եթե պահանջարկն այդքան մեծ է, ինչո՞ւ նոր մանկապարտեզներ չեն բացվում մայրաքաղաքում, Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ քաղաքապետարանն առայժմ այդքան ֆինանսական միջոցներ չունի:
Հիշեցնենք, որ մանկապարտեզներում տեղի խնդիրն առաջացավ 2012թ., երբ Երեւանի քաղաքապետարանը որոշեց իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներն անվճար դարձնել։ Մանկապարտեզները սնվում են համայնքային բյուջեներից, որոնց միջոցները սահմանափակ են։











