Երեւանի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի 13 ընտանիքներ արդեն երկու ամիս ջուր չունեն։ Թեեւ «Երեւան Ջուրը» վստահեցնում է, որ վերացրել է նախորդ տարվա դեկտեմբերից 10-ի վթարը, բայց բնակիչների խոսքով, այդ օրվանից իրենց ծորակներից ջուր չի եկել։

«3 ամիս ա գլուխս չեմ լվացել, էսօր պրազդնիկ ա, տատիկը առաջին անգամ լվացք ա արել։ Վթարից հետո ջրի խողովակները սառել են, պայթել, դրա համար էլ ամբողջ ձմեռ ջուր չունեցանք»,- NEWS.am-ին ասաց փողոցի բնակիչ Գագիկ Ասլանյանը։

Ամբողջ ձմեռ բնակիչները դույլերով են ջուրը տուն բերել։ Բնակիչների խոսքով՝ փետրվարի սկզբին եղանակի տաքանալուց հետո օրական մի քանի ժամով ջուրը գալիս է, բայց շատ բարակ ու կեղտոտ։

«Մեկ էլ որ ջուր էր գալիս, էդ ջրի մեջ ինչ ասես կար՝ գարշահոտություն, քարեր, դա ժանգ չէր, չգիտեմ՝ ինչ էր»,- բողոքեց բնակչուհի Հասմիկ Մկրտչյանը։

Մոտ 1,5 տարի Հայաստանում բնակվող սիրիահայ Խաչիկ Մադարյանի խոսքով՝ իր տան ջուրը սառած է եղել, ջուր չի ունեցել, բայց 1700 դրամ ջրի վարձ է եկել, որը չի պատրաստվում վճարել։

«Եթե ես ամեն օր լվացք անեի, իմ ջուրը 1700 դրամ չէր կազմի»,- վրդովված ասաց սիրիահայը։

Բնակիչներն իրենց ուժերով փողոցում ջրագծից աղբյուր են բացել, սակայն դժգոհում են, որ այդ ջուրն էլ մաքուր չէ։

«Խմելու ջուրը առնում ենք, լողանալը դրսում, լվացքն էլ լվացքատուն ենք տանում, բայց սա ինչքա՞ն է շարունակվելու»,-բողոքեց Սիրվարդ Հովսեփյանը։

Բնակիչների խոսքով՝ ջրի խողովակները շատ հին են՝ մոտ 100 տարվա, ինչի պատճառով էլ իրենց ջուրը միշտ նստվածք է ունեցել եւ մաքուր չի եղել։

«Ասում ենք՝ գոնե ընդհանուր գիծը դուք քաշեք, մենք կտանենք մեր տները, բայց դա էլ չեն անում»,- դժգոհեցին բնակիչները՝ նշելով, որ բազմիցս դիմել են թաղապետարան, քաղաքապետարան, վարչապետին, նախագահին, սակայն ապարդյուն։

Ի պատասխան NEWS.am-ի հարցմանը, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ իրենք պատասխանատվություն չեն կրում այդ ջրագծերի շահագործման եւ պահպանման համար։

«Իրենք տունը կառուցել են ջրագծի վրա, հիմա էլ մեզնից պահանջում են, որ փոխենք ջրագծերը, այնինչ դա  մեր պարտականությունների մեջ չի մտնում, մենք միայն նորն ենք կառուցում»,-ասաց «Երեւան Ջուր» ՓԲԸ Հանրային ծառայությունների կարգավորման բաժնի պետ Մուրադ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այսօր իրենց աշխատակիցները Վերին Շենգավիթ 1-ին փողոցից  ջուր են վերցրել և ստուգել իրենց լաբորատորիայում. «Պարզվել է, որ ջուրը մաքուր է, եւ պիտանի օգտագործման համար»։

Ինչ վերաբերում է նրան, որ բնակիչները բողոքում են, որ ջուր չեն ունեցել, սակայն ստիպված են հունվար ամսվա համար ջրի վարձ մուծել, Մուրադ Սարգսյանն ասաց, որ որ եթե ջուր չլիներ, ջրաչափը չէր աշխատի։

«Իրենք ուզում են խնդիրը բարդացնեն, որ իրենց ջրագծերը փոխենք»,-ասաց ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ  իրենք աշխատում են այդ ուղղությամբ եւ քաղաքապետարանի ու թաղապետարանի աջակցության պարագայում քայլեր կձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։