Տասը տարի առաջ կառավարությունն ու կինոգործիչների մեծ մասը հավատացած էին, որ «Հայֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհելուց հետո հայկական կինոյի համար նոր ժամանակներ կգան, ֆինանսական ներդրումներ կկատարվեն, նորագույն չափանիշերին համապատասխան կվերանորոգվի ստուդիան, իսկ տեխնիկապես վերազինված բազայով հոլիվուդյան կինոարտադրությանը մրցակից ֆիլմեր նկարահանվեն: Սեփականաշնորհված «Հայֆիլմը» մրցակցությունից դուրս պիտի թողներ տարածաշրջանի կինոարտադրությունը` այլ կերպ ասած լավագույնը, միակն ու խոշորագույնը դառնար նույն այդ տարածաշրջանում։

Այսպիսով՝ «Գաֆեսճեան» հիմնադրամը ընդամենը 600 հազար դոլարին համարժեք դրամով սեփականացրեց ոչ միայն ստուդիայի տարածքները, գույքն ու արխիվը, այլեւ տարիների ընթացքում ստեղծված կինոստուդիայի ողջ արտադրանքը` ֆիլմերը:

Քիչ մարդիկ եղան, ովքեր իրականում ընդդիմացան ու փորձեցին խափանել կինոստուդիան վաճառելու իրենց կարծիքով աղետալի միտքը, սակայն դիմադրությունը արդյունք չտվեց: Ժամանակի լավագույն ռեժիսորների ճնշող մեծամասնության խոնարհ համաձայնությամբ կիոստուդիան արդեն տասը տարի անգործության է մատնված: Խաբվեցի՞ն նրանք, թե այս ամենի մեջ անձնական շահի միտում կար, գուցե դեռ պարզվի:

Անհասկանալի զուգադիպությամբ այն մարդիկ, որոնք ժամանակին վաճառեցին կինոստուդիան,  նույն ջանասիրությամբ այսօր պայքարում են այն վերադարձնելու  համար` պնդելով, որ սեփականատերը 10 տարի շարունակ  չի կատարել  պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Սա պատշաճ առիթ է ստուդիան կրկին վերադարձնելու տիրոջը` ասել է թե՝ կինոյին: Կստացվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք  որ,  նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասում կինոստուդիաները չեն սեփականաշնորհվել: Ավելին ասած` կինոն այսօր պետական լուրջ քաղաքականություն է, որի վրա տարածաշրջանի երկրները մեծ շեշտ են դնում` մշակութային խնդիրները բարձրաձայնելու եւ ազգային տեսակը պահպանելու համար:

«Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի հետեւանքների մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ, որը, հիշեցնենք, այն քչերից էր, որ ի սկզբանե դեմ էր այդ գործարքին եւ օրերս «ստոր քայլ էր» անվանել այդ գործարքը։

Նվարդ Մանվելյան