Երևանի Մուշավան թաղամասի բնակիչ, էպիլեպսիայով տառապող Զորիկն իր երկվորյակ եղբոր` Նորիկ Սարգսյանի բանակ զորակոչվելուց հետո երեք ամիս է՝ միայնակ է ապրում. 18-ամյա տղայի միակ խնամակալները հարևաններն են, որոնք Զորիկի համար շաբաթվա մեջ մի քանի անգամ «Շտապօգնություն» են ահազանգում:
«Մայրը 2004-ին է մահացել, հայրը՝ 2008-ին: Երկուսն էլ քաղցկեղով հիվանդ էին: Դրանից հետո իրենք, որ զույգ եղբայրներ էին, տեղափոխվեցին գիշերօթիկ: Նախորդ տարվա մայիսին գիշերօթիկից դուրս են եկել, միասին են ապրում: Մորական պապիկ ունեն ու մորաքույր, նրանք էլ են հիվանդ, ի վիճակի չեն եղբայրներին խնամելու: Հիմա եղբայրներից մեկին տարել են բանակ: Պատկան մարմիններին խնդրում ենք, որ եղբորը խնամակալ ճանաչեն ու հետ բերեն, որ էս երեխուն տիրություն անի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարևաններից Նաիրա Ավագյանը:
Նա դժվարացավ նշել, թե երեք ամսում քանի անգամ են «Շտապօգնություն» ահազանգել Զորիկի համար, որովհետև գրեթե ամեն օր դրա կարիքը լինում է: Հարևանուհու խոսքով՝ հիվանդանոցի անձնակազմն արդեն ճանաչում է Զորիկին, բժիշկները զարմացած են, թե ինչպես են տղայի եղբորը բանակ զորակոչել՝ նրան առանց խնամակալի թողնելով:
Հարևաններին ամենից շատն անհանգստացնում է այն, որ Զորիկը հաճախ էպիլեպսիկ նոպաների մեջ է ընկնում կեսգիշերին, երբ կողքին մարդ չկա։
«Ինքը գիշերներն էլ է վատանում: Շատ ժամանակ հարևաններով հերթապահում ենք, որ նայենք՝ էս երեխուն մի բան չլինի: Ասել ենք` հենց գիշերը մի բան ա լինում, հասցրու, լույս վառի, որ հասնենք օգնության: Իրավունք չունեին եղբորը բանակ տանելու: Խնամակալ չունի էս երեխեն, հիվանդ ա: Եթե հիվանդ չի, թող իրեն էլ տանեին: Ու հետո միակողմանի ծնողազուրկ երեխաներին 50 կմ են հեռու տանում, էս երեխուն տարել են Վանաձոր՝ 120 կմ հեռու: Ուր գնում ես, չեն ընդունում, վայենկոմատ էլ ենք դիմել, բայց ոչ մի օգուտ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարևաններից Ռազմիկ Գվագիզյանը:
Նա նշեց, որ ամիսներ է տվել, մինչև Զորիկին հաշմանադամության երրորդ կարգ են տվել. այս ամիս առաջին անգամ նա 14 հազար դրամ թոշակ կստանա: Տղան նաև հիշողության հետ խնդիրներ ունի, հարևաններն օրը մի քանի անգամ այցելում են նրան, որ հանկարծ գազը բաց չթողնի ու վնասին իրեն: Նրանք ամեն կերպ փորձում են օգնել Զորիկին, սակայն տղային խնամակալ է անհրաժեշտ, որն ամեն պահի կողքին կլինի:
Դա գիտակցում է նաև Զորիկը. «Խնդրում եմ, որ եղբորս թողնեն գա իմ կողքը լինի: Նենց բաներ կան, որ ես չեմ կարում անեմ, գոնե իմ ախպերը գա, ինքն ինձ տիրություն անի: Ինքը գնացել ա, 60-70 տոկոսն իմ համար իմ հարևաններն են անում: Ու սիրուն չի, որ ամեն անգամ դիմեմ հարևաններին: Դեղերի գումարը, ամեն ինչը իրանց օգնելով եմ առնում»:











