Մենք մի ամբողջ պետություն ենք նախապատրաստում Արցախին թիկունք կանգնելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան հերոսամարտին զոհվածների հիշատակին:

«Այս վերջին տարիների ընթացքում Հայաստանում ռազմավարական բնույթի միջոցառումներ են իրականացվում, ասել է թե մենք ամբողջ պետությունն ենք նախապատրաստում անհրաժեշտության դեպքում մեր երկիրը պաշտպանելու, Արցախին թիկունք կանգնելու համար: Արցախի անվտանգության երաշխավորն է հայոց բանակը եւ եթե Արցախին մի բան պատահի, մենք այնտեղ ենք լինելու եւ պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»,- ասաց նա՝ հրաժարվելով անդարադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթին, որում վերջինս ներկայացնելով ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը, նշել էր, որ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվի Ադրբեջանի վերահսկողությանը»:

Դրա փոխարեն պաշտպանության նախարարը գերադասեց խոսել եռատոնի՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Երկրորդ համաշխարհին պատերազմում տարած հաղթանակի մասին:

«Կարծում եմ, որ երկրապահի աշխատանքի, ծառայության, պայքարի արդյունքն է, որ այսօր մենք խաղաղ արարում ենք իրականացնում մեր հայ ժողովրդի համար: Նրանց ստորաբաժանումների հենքի վրա է ստեղծվել հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, որ հայոց բանակը իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ միասին այսօր մի կուռ կառույց է, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է լինելու կանգնելու մեր հայրենիքի պաշտպանությանը»,- նշեց նա՝ շնորհավորելով երկրապահի օրվա կապակցությամբ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am