Մեկ տարի է անցել ժամկետային զինծառայող, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող, 19-ամյա Լյուքս Ստեփանյանի սպանության օրից: Մայրը` Լուիզա Ստեփանյանը, մինչեւ հիմա ոտքով է գնում Վերին Գետաշենի գերեզմաններ. ասում է՝ այն սրբավայր է իր համար:
Ամեն անգամ, երբ կարոտը սրվում է, թերթում է որդու լուսանկարների ալբոմը, որը որդին բանակ գնալուց առաջ է տվել մորը՝ խնդրելով պահել այն մինչեւ իր վերադարձը:
«Այս ալբոմը Լյուքսն է իր ձեռքով հավաքել, ու ասաց՝ մամ ջան հանձնում եմ քեզ, ձեռք չտաք, ու տենց էլ մնաց պայուսակիս մեջ: Ոնց որ սիրտս զգար, ուր գնայի, էս ալբոմը անպայման պայուսակիս մեջ էր: Ու ամեն անգամ նայելով կամաց փակում եմ, ոնց որ նեղանում է, որ շուտ եմ փակում»,- պատմում է տիկին Լուիզան, որը մեկ տարվա տասը տարով ծերացել է։
Դեպքից մի քանի օր առաջ մայրը վատ կանխազգացում ուներ. «Դեպքից երեք օր առաջ երազ տեսա, ոնց որ երազն ինձ զգուշացներ, ու այդ երեք օրն էնքան վատ էի, ահավոր գլխացավ ունեի. զգում էի` մի վատ բան է լինելու, բայց ոչ Լյուքսիս հետ, մտածում էի մեծ տղաս՝ Ալիկը, օտարության մեջ է, փորձանքի է գալու: Սիրտս ծանրացած էր, ու այդ երեք օրը անընդհատ անձրեւ էր գալիս, ասում էի` էս իմ սրտի հետ, էս տխրության հետ էս անձրե՞ւը ինչ է...»:
Դեպքի օրը մայրը որդու զանգին է սպասում. երկու օրը մեկ Լյուքսն անպայման զանգում էր. «Ասում էր՝ մամ ջան, որ ձայնդ լսում եմ, հանգստանում եմ»։
2013թ. մայիսի 15-ին տիկին Լուիզային ասել են, որ վեճ է եղել ու Լյուքսը վրավորվել է, բայց առավոտյան ամուսինը պատմել է ճշմարտությունը:
«Առավոտյան ամուսինս էլ չկարողացավ ինձանից պահել, ասեց՝ չկա էլ մեր Լյուքսը, ու այդ օրվանից մայրական սեր, քնքշանք մեռավ իմ մեջ, մենակ վրեժի ցասումով եմ ապրում: Ու մինչեւ էրեխուս տուն բերեցին, անհամբեր սպասում էի, կարծես կենդանի էր տուն գալիս, ու մինչեւ հիմա էլ չեմ պատկերացնում, որ չկա Լյուքսը, դեռ սպասում եմ, որ կգա: Ասել եմ՝ մենակ մահը կփրկի ինձ այս վշտից»,- ասում է որդեկորույս կինը:
Վշտից ծերացած 45-ամյա կինը հիմա ապրում է միայն որդուն իրենից խլողին պատժված տեսնելու ցանկությամբ։
«Մարդ է սպանել, թող պատժվի, որ այս դեպքը վերջինը լինի, ես տեսել եմ այս ցավը, թող մնացած մայրերը չտեսնեն, չտեսնեն էս արցունքը, որ հացի տեղ եմ կուլ տալիս: Ուղղակի արդար պատիժ եմ խնդրում, որ յուրաքանչյուր զինվոր, պաշտոնյա հասկանա, որ սա ծնողի համար լուրջ վիշտ է»,-ասում է տիկին Լուիզան:
Որդու կորստից հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «10 օր առաջ բակում ուշաթափվեցի, բժիշկ կանչեցին, պարզվեց ինսուլտի նախանշաններ են»:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:











