Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ մայիսի 29-ին, խոստացավ մայիսի 31-ին ընդունել կառավարության մոտ բողոքող քաղաքացիներին:
Նախարարը կառավարության նիստից անմիջապես հետո շտապեց դեպի իր մեքենան, երբ նրան մոտեցան բանակում մահացած զինծառայողների ծնողները:
2007 թ. Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, նախարարին տեսնելով, վրդովվեց. «Յոթ տարի ես այստեղ կանգնած եմ, ոչ մի պատկան մարմին իմ հարցին լուծում չի տալիս»:
Նախարարը նրան խնդրեց ցածր խոսել, ինչին մայրը պատասխանեց. «Այսքան ժամանակ ցածր եմ խոսել, ինչո՞ւ եք փախչում ծակուծուկերով, մի հատ եկեք ասեք մայրեր ինչի՞ եք կանգնել: Դուք զավակ չունե՞ք: Դռնով դուրս եկեք, էս մայրերին ասեք՝ ինչի եք կանգնած: Մեր պահանջն է, որ արդար դատավարություն լինի, մեղավորները պատժվեն, մեզ այստեղ շոու պետք չի»:
Նախարարը մահացած զինծառայողի մորն ասաց, որ արդարադատության նախարարությունը դատարանի գործառույթ չի իրականացնում. «Արդարադատության նախարարը ոչ դատախազ է, ոչ դատարան: Եթե դուք գտնում եք, որ ես ինչ որ ձեւով կարող եմ միջամտել, խնդրեմ ասեք՝ ինչպես միջամտեմ, սակայն ես չեմ կարող այնպիսի բաներ անել, որ օրենքով չի թույլատրվում: Ես պատրաստ եմ, առաջին օրվանից էլ ասել եմ՝ ժողովրդին ընդունում եմ, զբաղվում եմ հարցերով»:
2001թ.-ին Վայքի զորամասում մահացած զինծառայողի մայր Անահիտ Մկրտչյանն էլ նախարարին ասաց, որ նա պետք է իրենց ասի, թե ինչով կարող է օգնել իրենց:
«Ես ուզում եմ իմ հանրապետության մեջ մեղավորը պատժվի, ինչի՞ ես դիմեմ Եվրադատարան»,-ասաց մահացած զինծառայողի մայրը:
Նախարարն ասաց, որ ինքը գործին ծանոթ չէ եւ խնդրեց ծնողներին գրավոր իրենց խնդիրը ներկայացնել իրեն, նաեւ ասաց, որ մայիսի 31-ին առավոտյան գնան նախարարություն:
Նախարարին մոտեցան նաեւ հաշմանդամ օդաչուները, Այնթապում գազի պայթյունից տուժած տան բնակիչները, նաեւ Էջմիածին քաղաքից մի կին հարսի եւ 1 տարեկան թոռան հետ, որոնց նույնպես նաախարարը հանդիպում նշանակեց մայիսի 31-ին:











