Մանկական երկաթուղու հարակից տարածքում այսօր՝ ժամը 11-ից մեկնարկել է NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Արդեն երկրորդ անգամ գործակալության կազմակերպած միջոցառմանը մասնակցում, այցելում են հանրությանը հայտնի շատ գործիչներ: «Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Կարծում եմ, որ սա նոր մշակույթի ձեւավորում է, երբ լրագրողներն բարեգործական միջոցառում կազմակերպում: Ինքս եղել եմ Քարվաճառում, գիտեմ, որ շրջանի բնակիչները, բնականաբար նաեւ երեխաները աջակցության կարիք ունեն»,-ասաց միջոցառմանը իր փոքրիկների հետ այցելած ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ իր աղջկա համար բավականին որակյալ գլխարկ է գնել վաճառքից (ֆոտոռեպորտաժ):
ՀՀԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով արդեն երկրորդ անգամ է հանուն երեխաների համաձայնում լինել պաղպաղակ վաճառողի դերում նշեց, որ միշտ պատրաստ է երեխաներին օգնող միջոցառումներին մասնակցել: «Մեծ հաճույքով եմ մասնակցում միջոցառմանը եւ վաճառում պաղպաղակներ»,- նշեց Եսայանը, ով այդ պահին պաղպաղակ էր վաճառում միջոցառմանը թոռնիկի հետ այցելած ԲՀԿ խմբակցությունից՝ իր գործընկեր Արագած Ախոյանին:
«Սա շատ լավ առիթ է հոգին մաքրելու, խղճից մի բեռ գցելու համար: Մենք շատ տեղերում բավականին գումարներ ենք ծախսում, լավ կլինի փոքր-ինչ երեխաներին էլ օգնենք: Սա մոմ վառելու պես մի բան է»,- ասաց նա, ով նաեւ նկարներ գնեց, հատկապես երբ տեսավ, որ իր ալմա-մատերը՝ Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանն էլ է մասնակցում բարեգործական ակցիային:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։
Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։
Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։
Ակցիայի համար հովանոցները տրամադրել է «Կոկա կոլա» ընկերությունը:
Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։











